ԱԱԾ վերջին աղմկահարույց բացահայտումների ֆոնին փոքր ինչ մոռացության է մատնվել թավշյա հեղափոխության հաղթանակից հետո իրավապահ համակարգի թիվ մեկ թիրախը դարձած «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության շուրջ բարձրացված աղմուկը: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր հանցավոր սխեմա, որի արդյունքում հիշյալ ՍՊԸ գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը և պատասխանատու երեք աշխատակից ձերբակալվել է: Հայտարարվեց նաև պետությանը հասցված բավական լուրջ ֆինանսական վնասի մասին: Չնայած այդ հանգամանքին՝ «Նորֆոլկը» դեռ գործում է՝ իհարկե համապատասխան մարմինների վերահսկողության ներքո: Խոսվում է նաև լուծարման գործընթաց սկսելու մասին, սական երբ այն կավարտվի և ում կփոխանցվեն «Նորֆոլկի» կողմից մինչ օրս իրականցվող լիազորությունները՝ դեռ հարցականի տակ է:
Ըստ ՊԵԿ նախագահի՝ «Նորֆոլկը» դեռևս գործում է, որպեսզի գործընթացը կանգ չառնի և չլինեն դժգոհություններ: Սակայն ուշագրավ հանգամանք է, որ մաքսազերծման գները նվազելու միտում դեռևս չունեն. պարզապես այն 0.7 տոկոսը, որ «Նորֆոլկը» վերցնում էր որպես ծառայության վճար և պահում իրեն՝ այժմ գնում է պետական բյուջե։ Մնացած հարցերում ոչինչ չի փոխվել, և ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին պատկանող ընկերությունը շարունակում է աշխատել՝ ասես ոչինչ էլ չի եղել՝ սպասելով լուծարման բաղձալի պահին: Որքան էլ որ տարօրինակ հնչի, սակայն «Նորֆոլկի» լուծարման թիվ մեկ ջատագովը հենց Հարությունյանը պետք է լինի, քանի որ այդ դեպքում առնվազն իր մասով գործած կոռուպցիոն հանցանքների «ծայրը ջուրը նետելու» հնարավորություն կընձեռվի: Տարօրինակ է, որ Հարությունյանն այդպես էլ չհարցաքննվեց, մինչդեռ գործը կարծես թե առանց նրա էլ գլուխ է բերվել՝ հայտնաբերվել են մեղավորները, ընկերությունն էլ հապճեպ լուծարում են: Իսկ Հարությունյանը ըստ որոշ տեղեկությունների տխրելու առիթ չի ունենա՝ նա ցանկանում է զբաղեցնել «Գազպրոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրենի պաշտոնը:
Ինչևէ, այս պահին գլխավոր մտահոգությունները կապված են ոչ թե Հարությունյանի ապագայի, այլ այն բանի հետ, թե արդյո՞ք «Նորֆոլկի» մենաշնորհը կոտրելուց հետո այս անչափ գրավիչ և յուղոտ պատառ հանդիսացող ոլորտում չի ձևավորվի մեկ այլ մենաշնորհ: Կառավարությունը ցանկանում է ստեղծել մաքսային ձևակերպման (բրոքերիջ) հարցերով պետական ընկերություն։ Ընկերությունը մաքսային ձևակերպման համար կգանձի նույն գումարը (ապրանքի արժեքի 0,7 տոկոսը), բայց արդեն փաստաթղթերով և առանց խարդախությունների։ Համենայն դեպս՝ այդպես են հավաստիացնում: Այսինքն՝ գնային փոփոխություն չի լինելու, պարզապես մասնավորի մենաշնորհին փոխարինելու է պետականը: Հենց այստեղ է, որ առաջնային է դառնում տնտեսության պետական կարգավորման, վերահսկողության մեխանիզմների արդյունավետության խնդիրը: Հետհեղափոխական իրավիճակում գտնվող տնտեսության պարագայում դա անչափ բարդ իրագործելի խնդիր է թվում: Եթե պետական վերահսկողության մեխանիզմները իրենց չարդարացնեն, ապա կարելի է ասել, որ մաքսային ոլորտում իրավիճակը չի փոխվելու: Իսկ մինչ կառավարությունը մտածում է՝ ինչպես վարվել և «ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ»՝ պետությանը միլիոնավոր դոլարների վնաս հասցրած ընկերությունը շարունակում է իր բնականոն աշխատանքը:
Ստելլա Խաչատրյան