Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը, ով պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, առաջիկա 7 օրերի ընթացքում կշարունակի մնալ Ազգային ժողովի պատգամավոր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ կանոնակարգ-օրենքի կարգավորումներն այն դեպքում, երբ պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացնում: «Ալեն Սիմոնյանը երեկ հայտարարել է, այսօրվա ամսաթվով դիմում է գրել պատգամավորական մանդատից հրաժարվելու: Պարոն Սիմոնյանն այսօր քվեարկել է, մասնակցել է նիստին և դա իրավազոր  և իրավական է: Դիմումը ներկայացնելուց հետո առնվազն 7 օր Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի պատգամավոր է մնալու և օգտվելու է պատգամավորի բոլոր իրավասություններից և պարտավորություններից»,-մեկնաբանեց Շարմազանովը:

 

Նա հիշեցրեց, որ նման շատ օրինակներ են եղել, երբ պատգամավորները մանդատից հրաժարվելու դիմում են ներկայացրել, սակայն ևս 7 օր շարունակել են կատարել պատգամավորի պարտականությունները, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգը թույլ չի տալիս դիմում ներկայացնելուց հետո անմիջապես զրկել պատգամավորին իր լիազորություններից: «Դիմումի մուտքագրելուց հետո առնվազն 7 օր նա դեռ մնում է Ազգային ժողովի պատգամավոր՝ անկախ ցանկությունից և դիմումի բովանդակությունից: Այսինքն` առնվազն 7 օր մենք ունենալու ենք Ալեն Սիմոնյան անուն-ազգանունով պատգամավոր՝ անկախ իմ, Արա Բաբլոյանի և Ալեն Սիմոնյանի կամքից»,- ասաց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը:

Դիտարկմանը, թե Ալեն Սիմոնյանը միևնույն ժամանակ նաև Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ է, Շարմազանովը պատասխանեց.  «Ավագանու անդամ լինելը ես չեմ մեկնաբանում: Ես իրավաբան չեմ:  Ավագանու հետ կապված դիմեք կամ իրավաբաններին կամ Երևանի ավագանի: Ես Ազգային ժողովի փոխնախագահն եմ և մեկնաբանում եմ Ազգային ժողովի  կանոնակարգը: Նրա դիմումն այսօր է մուտքագրվել, մինչև ամսի 30-ը ներառյալ ինքը ԱԺ պատգամավոր է»:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը մայիսի 22-ի երեկոյան հայտարարեց, որ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Իր որոշումը նա բացատրել է այն հանգամանքով, որ ցանկանում է շարունակել աշխատանքը Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունում և լուծում տալ Երևանում առկա բազմաթիվ խնդիրներին: Խորհրդարանում Ալեն Սիմոնյանը փոխարինում է Նիկոլ Փաշինյանին, ով մայիսի 8-ին խորհրդարանի կողմից ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: