Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել և պահանջել է բոլորից՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները, առանց բացառության, և աշխատել կառավարության հետ: Այդ գործողությունները Փաշինյանը որակել է սաբոտաժ կառավարության դեմ:
Ինչ տեսակ սաբոտաժի մասին է խոսքը՝ դժվար է ասել: Գուցե այս օրերին գործ ունենք, օրինակ, տնտեսական սաբոտաժի հետ, ինչը կարող է առնչվել խոշոր ներդրումներին: Կամ չեն բացառվում համակարգային սաբոտաժի դրսևորումներ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ քրեաօլիգարխիան ոչ միայն չի կապիտուլացվել, այլ նույնիսկ շարունակում է բավականին լուրջ ներկայություն ունենալ իշխանության տարբեր օղակներում: Ո՞վ է շահագրգռված նոր կառավարությանը սաբոտաժ անելու հարցում: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը սաբոտաժի մասին նախազգուշացո՞ւմ է այդ ուժերին: Սակայն այս պարագայում էլ հարց է, թե որ ուժերի մասին է խոսքը: Բնական է, որ հասարակական գիտակցության մեջ սաբոտաժի հետ զուգորդվում է Հանրապետական կուսակցությունը, որը ընդդիմություն դառնալուց հետո, ըստ էության, պետք է որ անցներ նոր կառավարության տապալմանն ուղղված հաղահեղափոխական, գուցե ինչ-որ տեղ նաև ընդհատակյա և ստվերային գործողությունների: Սակայն Հանրապետկան կուսակցությունում այսօր քաջ գիտակցում են, որ իրենց համար լավագույն տարբերակն այս պահին՝ լռելն է, ինչն էլ ՀՀԿ-ում անում են: Դրա վկայությունը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում Փաշինյանին հարցեր ուղղելու համար հերթագրված 4 հանրապետականների փափկասուն և ոչինչ չասող, անատամ հարցերն էին, ինչպես ասում են՝ նախկին էյֆորիան հանրապետականից իսպառ վերացել է:
Իրականում հասկանալի է, որ միայն ՀՀԿ-ն չի փորձելու ձողեր մտցնել նոր կառավարության գնացքի անվադողերի մեջ: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ պարարտ հող է ստեղծվել տնտեսական, քաղաքական, այլ մոտիվացիաներով առաջնորդվող քաղաքական միավորների համար, որոնք Նիկոլ Փաշինյանին դիտում են որպես մրցակից: Եվ հասկանալի է, որ այս միավորները, առաջնորդվելով իրենց սեփական շահերով, իրականացնելու են որոշակի գործողություններ՝ թաքնվելով հենց ՀՀԿ թիկունքում:Միևնույն ժամանակ, ուշագրավ է, որ Փաշինյանն այդ ակցիաներն անվանում է հենց սաբոտաժ և ոչ թե հակահեղափոխություն, իսկ դրանք բովանդակային առումով՝ տարբեր երևույթներ և գործընթացներ են: Փաշինյանը սաբոտաժ է անվանում այն, ինչը ընդամենը մի քանի ամիս առաջ համարվում էր քաղաքացիական իրավունքների պաշտպանություն:
Ստելլա Խաչատրյան