Այսօր կայացած կառավարության նիստում վարչապետ Փաշինյանը անդրադարձավ նախկին իշխանության տարիներին մանկատան շրջանավարտներին բնակարաններով չապահովելու խնդրին. «Էսօր կան ուժեր, որոնք փորձում են ներկայացնել, թե ՀՀ կառավարությունն իր վարած քաղաքականությամբ ընտանեկան արժեքներին հակադրվում է: Մենք վարում ենք երեխային ընտանիք վերադարձնելու քաղաքականություն: Հետաքրքիր է, որ 2003-ից ՀՀ պարտավորությունն է եղել մանկատների շրջանավարտներին ապահովել բնակարաններով, և ազգային կառավարություններն ու նրանց հարակից կուսակցությունները ոչ մի կերպ չեն կարողացել էդ հարցը լուծել: Մարդիկ են եղել, որ էդ ընթացքում պաշտոնավարել են որպես նախարար, բնակարանաշինություն է տեղի ունեցել այդ նպատակով, բայց բնակարանները չեն հասել երեխաներին: Հիմա որ գնանք, հետաքննենք, պարզենք ու էդ մարդիկ հայտնվեն բանտում, պարզվելու է քաղաքական հալածյալ են... Հանուն ազգի՝ պետական միջոցները քյաբաբների վրա ծախսողները հանդես են գալիս ազգային արժեքների պաշտպանությամբ: Հիմա որ ասեմ՝ քյաբաբ առ քյաբաբ բացահայտելու ենք...»,- շարունակեց Փաշինյանը:
 
2003 թվականին ՀՀ սոցապ նածարարի պաշտոնը, ինչպես գիտենք, զբաղեցնում էր Աղվան Վարդանյանը, այն նույն Վարդանյանը, ով երեկ հայտարարեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակումը պահանջող հանձնախումբ ստեղծելու մասին և ով փաստացի ղեկավարելու է այդ հանձնախումբը: Արդյո՞ք պատահական է, որ Վարդանյանի երեկվա ասուլիսից հետո վարչապետը այսօր հիշել է հենց 2003-ի սոցապ ոլորտի չարաշահումները, թե ամեն դեպքում սա թափանցիկ ակնարկ ու նախազգուշացում է Վարդանյանին, որպեսզի վերջինս հետ քայլ անի Քոչարյանի պաշտպանության գործից, հակառակ դեպքում՝ համապատասխան մարմինները կարող են նախկին նախարարին հիշեցնել 2003-ը:
 
Այլ հարց է, թե ինչու մինչ այս պահը դա չեն արել, հատկապես, երբ վարչապետը նման ապօրինությունների մասին խոսում է կառավարության նիստում և որպես ապացուցված փաստ է դա ներկայացնում: Այնպես չէ, որ Հայաստանի մյուս սոցապ նախարարները փայլել են իրենց մաքուր աշխատանքով, ինքը՝ Փաշինյանը, ժամանակին գրեթե յուրաքանչյուր ելույթ օգտագործում էր նախարար Արտեմ Աստատրյանի հրաժարականը պահանջելու համար, սակայն այսօր վարչապետը հիշատակում է կոնկրետ թիվ և կոնկրետ նախկին նախարարի…