Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հունիսի 4-ին նախատեսվող հանդիպման ժամանակ քննարկելու են նաև սիրիական Մանբիջում թուրքական և ամերիկյան զորքերի համատեղ գործողությունների հետ կապված մանրամասներ:
Այս մասին նշվում է Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ թուրք-ամերիկյան աշխատանքային խումբը սիրիական Մամբիջում թուրք-ամերիկյան զորքերի համատեղ գործողություններ իրականացնելու ծրագիր է մշակել:
«Թուրքիան և ԱՄՆ-ն մշակել են սիրիական Մանբիջում անվտանգության ապահովմանը ուղղված համագործակցության ծրագրի առանցքային կետերը»,-ասվում է Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Թուրքիայի զինված ուժերը հունվարի 20-ից Սիրիայի Աֆրին շրջանում քրդերի դեմ ռազմական գործողություն էին սկսել, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը: Այդ օրը թուրքական 72 ռազմական ինքնաթիռ ռմբակոծել էին քրդերի դիրքերը, ինչից հետո թուրք զինվորներն անցել են սիրիական սահմանը: Գործողություններին մասնակցում էին զգալի թվով զինվորներ ու զինտեխնիկա: Թուրքական զինուժն Աֆրին նահանգ է մտել 3 ուղղությամբ: Աֆրինում իրականացված ռազմական գործողություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր հայտարարություններում նշել էր, որ Սիրիայի տարածքում Աֆրինից հետո Թուրքիայի հաջորդ թիրախը Մանբիջն է: