Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր գործադուլ և դասադուլ է իրականացնում ԵՊՀ ուսանողա-դասախոսական կազմը:
Պահանջը ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականն է:
Շենքից դուրս իրականացված բողոքի ակցիայից հետո ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ուսանողների և ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի, բուհի պրոռեկտորների հանդիպումը:
«Պահանջներն իրավաչափ չեն: Ռեկտորի հրաժարականը հնարավոր է միայն երկու դեպքում` երբ նա դիմում է ներկայանցում և երբ Հոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում նրան», - ասաց Արամ Սիմոնյանը՝ ի պատասխան հրաժարականի պահանջին:
Արամ Սիմոնյանի խոսքով՝ ինքն օրինականության կողմնակից է և գտնում է, որ ամեն ինչ պետք է արվի օրենքով: Ինչ վերաբերում է հոգաբարձուների խորհրդին, Արամ Սիմոնյանն ասաց, որ այն ընտրվել է կառավարության որոշմամբ, ոչ թե իր:
«Դուք պահանջի սխալ հասցեատեր եք ընտրել: Հասցեատերը կառավարությունն է, ես չեմ: Ինքս հոգաբարձուների խորհրդի անդամ չեմ, և որևէ ուժ չունի իմ կարծիքը հոգաբարձուների խորհրդի հետ կապված»,-ասաց ԵՊՀ ռեկտորը:
Նշենք նաև, որ քննարկման ավարտին ուսանողները նրա առաջ դռները փակել էին, թույլ չէին տալիս մտնել իր աշխատասենյակ: Ստեղծված լարվածության մթնոլորտում Արամ Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչից հետո միայն ուսանողները բացեցին նրա ճանապարհը: