Վրաստանի կառավարությունում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հանդիպումը:
Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, կառավարությունում տեղի ունեցավ պաշտոնական այցով Վրաստան ժամանած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը:
Փաշինյանի և Կվիրիկաշվիլիի առանձնազրույցից հետո տեղի կունենա հանդիպում ընդլայնված կազմով:
Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդիպումից հետո հանդես կգան լրատվամիջոցների համար հայտարարությամբ:
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակում Փաշինյանը կհանդիպի նաև Ազգային ժողովի նախագահ Իրակլի Կոբախիձեի, նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հետ: ՀՀ վարչապետը«Խոջիվանք» պանթեոնում ծաղիկներ կզետեղի Հովհաննես Թումանյանի, Րաֆֆու, Գաբրիել Սունդուկյանի, Սայաթ-Նովայի շիրիմներին:
Մայիսի 31-ին Փաշինյանը կմեկնի նաև Ջավախք ու կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հայկական պատվիրակության կազմում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը և այլ բարձրաստիճան այրեր: