«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին շրջանում տեղեկություններ են շրջանառվում, թե շուտով մարդիկ ստիպված չեն լինի վճարել գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման վճարը: Մասնավորապես, լրատվամիջոցներից մեկը տեղեկացրել է, որ ժողովուրդը կարող է ազատվել իր վրա տարիներ շարունակ դրված ապօրինի հարկատեսակից, իսկ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կզրկվի եկամտաբեր բիզնեսից: Ըստ այդմ, այդ ծառայությունն այլևս կարող են իրականացնել ԱԻՆ աշխատակիցները, որի դեպքում գումարի գանձում տեղի չի ունենա: Շրջանառվող լուրերից հետո ԱԻՆ լրատվական ծառայության և «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից տարածվեց պարզաբանում առ այն, որ այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Պարզաբանման մեջ ասված էր, որ գազի ներտնային սպասարկման վճարները չեն փոխանցվելու ԱԻՆ–ին, նման հարց չի քննարկվել:
Ինչպես հայտնի է, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի բաժանորդները տարվա մեջ երկու անգամ կատարում են գազամատակարարման ներտնային համակարգի սպասարկման ծառայության վճարում: Սպասարկումն իրականացնողը «Էյ–Ի–Ջի–Սերվիս» ընկերությունն է, որը, ըստ լուրերի, պատկանում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին: Տարիներ շարունակ ընկերության բաժանորդները սուսուփուս կատարել են այդ պարտադիր վճարումը, որի դիմաց ընկերության աշխատակիցները տարեկան երկու անգամ այցելել են տներ, ստուգել գազօգտագործող սարքավորումների սարքինությունն ու անվտանգությունը: Հիմնականում դա արվել է անզեն աչքով: Աշխատակիցը մտել է բնակարան, տեսել սարքերը, հարցրել բաժանորդին խնդիրների առկայություն կա՞, թե՞ ոչ: Դրական պատասխանից հետո բաժանորդին մեկնել են մի փաստաթուղթ, համաձայն որի՝ վերջինս ոչ մի խնդիր չունի և ստորագրում է դրա դիմաց: Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն իր հերթին հերքել է սպասարկման վճարի վերացման հնարավորությունը: Ավելի ստույգ՝ շեշտել է, որ ինքը տեղյակ չէ նման տարբերակի մասին: «Դա իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է, և ես անձամբ ինքս տեղյակ չեմ, և նման քննարկումներ տեղի չեն ունեցել»,-երեկ ասել է նախարարը ճեպազրույցի ժամանակ:
Այդուամենայնիվ, հետաքրքիր է, թե ինչ վիճակ է այս ոլորտում: «Էյ–Ի–Ջի–Սերվիս» ընկերության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այս պահին այն սպասարկում է ավելի քան 670 հազար բաժանորդ և 1700 կազմակերպություն ու ձեռնարկություն, իսկ ընկերության գործունեության հիմնական նպատակը գազասպառման կենցաղային համակարգերի որակյալ և ժամանակին սպասարկումն է: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ–ի հասարակայնության և ԶԼՄ–ների հետ կապերի ծառայության աշխատակից Միխայիլ Հարությունյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ սպասարկման սակագինը հաստատում է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ըստ այդմ, մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան սպասարկման վճարը կազմում է 2270 դրամ, 2–ի դեպքում՝ 4540 դրամ, իսկ երեք և ավելի սարքավորման դեպքում՝ 6810 դրամ: Գոնե երկու գազօգտագործող սարքավորում ունեցող 670 հազար բաժանորդ ունենալու դեպքում ընկերությունն այս ծառայության շնորհիվ տարեկան աշխատում է միջինը 3 միլիարդ 41 միլիոն 800 հազար դրամ: Կարծում ենք՝ փոքր թիվ չէ գրեթե ոչինչ չանելու դիմաց: Լրատվական ծառայության աշխատակիցը նաև տեղեկացրեց, թե ստուգայցերն ընդունված կարգով պարտադիր երկու անգամ են կատարվում, ինչը պայմանավորված է մեկ անգամ ջեռուցման շրջանում այցելելու, ստուգելու սարքավորումների սարքինությունն ու անվտանգությունը, մյուսը՝ ոչ ջեռուցման շրջանում: Բայց կարող են տարեկան 3–5 անգամ այցելել ու ստուգել, կարող են այցելել նաև բաժանորդի զանգի դեպքում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում