«Իրատես» թերթը գրում է.
«Այս կառավարության ամենաակտիվ անդամներից մեկը՝ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, մեծ աղմուկով նշանավորեց պաշտոնավարման մեկնարկը, հասցրեց բացահայտել որոշ չարաշահումներ, բայց հենց հերթը հասավ «Այբ» կրթահամալիրին, կարծես դադար վերցրեց: Մեր տեղեկություններով, նախարարն առայժմ մեկիկ-մեկիկ ուսումնասիրում է հակափաստարկները եւ պատրաստվում հերթական «լայվին»:
Իսկ մինչ այդ, իրազեկ աղբյուրների փոխանցմամբ, նախարարը ձեռնամուխ է եղել մյուս չարաշահումների բացահայտման գործին, առայժմ՝ առանց աղմուկի: Ամենաուշագրավն այն է, որ «հեղափոխությունից առաջ» այս նախարարությունը ղեկավարել է այսօր կրկին իշխանությունում քվոտաներ ունեցող ու այս իշխանության պատասխանատվությունը կիսող դաշնակցական Լեւոն Մկրտչյանը:
Այսինքն, եղած չարաշահումները որքան ՀՀԿ-ի իշխանությանն են, նույնքան էլ՝ դաշնակցությանը, առավել եւս, որ այս ոլորտը գրեթե միշտ եղել է ՀՅԴ-ի «հովանու» ներքո, մասնավորապես՝ Լեւոն Մկրտչյանի: Ստացվում է՝ Արայիկ Հարությունյանը նախ պետք է իրենց գործընկեր դաշնակցականներին «քընընի», թե ինչու են տարիներ շարունակ կոռուպցիոն սխեմաներ գործել կրթության համակարգում, եւ ինչու չեն կանխվել դրանք:
Եթե ոչ ԱԱԾ-ի օգնությամբ, գոնե գործընկերության շրջանակում նորանշանակ նախարարը թող կանչի ու մի բաժակ սուրճի ընկերակցությամբ զրուցի Լեւոն Մկրտչյանի հետ: Ի՜նչ հետաքրքիր բաներ կարող են ջրի երես դուրս գալ, ինչքա՜ն բան կիմանա ոլորտի մասին անփորձ նախարարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում