Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 2-ին որոշում է կայացրել Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգությունների իրականացման մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին ազատ արձակել: Այս մասին նշեց Օհանյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:
«Քաղաքապետի տեղակալի կալանքի միջնորդությունը ևս մերժվել է և նա ազատ է արձակվել: Կարծում եմ, քննիչը կընտրի բոլոր ազատ արձակվածների նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին, որը մենք կվիճարկենք»,- ասաց Աթանեսյանը:
Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց ազատ արձակել նաև զանգվածային անկարգություններ կատարելու և կազմակերպելու մեջ մեղադրվող Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին:
Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ մեղադրվող Գևորգ Համբարձումյանի և Սարգիս Սահակյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որպես խափանման միջոց է ընտրել ստորագրությամբ բնակավայրից չհեռանալը, իսկ Գոռ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին և 1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ: Եվս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով: Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի, 2-ը՝ կասկածյալի: Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: