Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հունիսի 4-ից 5-ը աշխատանքային այցով ՊԲ-ում էր գտնվում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը այցելել է առաջնագծի մի շարք ուղղություններ, մասնակցել բանակի հրամանատարության ներգրավմամբ անցկացված դաշտային երթի պլանով նախատեսված միջոցառումներին:

Իրականացված աշխատանքների ընթացքում ճշգրտվել են փոխգործակցության ընթացիկ խնդիրներն ու զարգացման հեռանկարները, քննարկվել հավանական հակառակորդի հնարավոր գործողություններն ու դրանց համարժեք արձագանքելու առավել արդյունավետ տարբերակները:

Արտակ Դավթյանը բարձր է գնահատել ՊԲ-ի մարտական պատրաստականության արդի մակարդակն ու ռազմատեխնիկական հնարավորությունների զարգացմանն ուղղված հետևողական քայլերը և հավաստիացրել, որ ՀՀ պաշտպանական ոլորտի պատասխանատուները այսուհետ ևս գործուն աջակցություն կցուցաբերեն ՊԲ-ի մարտական ներուժի հետագա կատարելագործման հարցերում:

Շրջայցի ավարտին հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի պատասխանատուները հստակեցրել են երկկողմ համագործակցության համատեքստում նախատեսված առաջիկա անելիքները: