Հունաստանում Հայաստանի դեսպանն ու հայ համայնքը կարևոր դերակատարություն կարող են ունենալ երկու երկրների հարաբերությունների խորացման գործում: Հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ պատասխանելով այն հարցին, թե հունահայ համայնքում կան դժգոհություններ Հունաստանում ՀՀ դեսպանի հետ կապված և նույնիսկ խոսվում է նրան Երևան կանչելու մասին:
«Նախ ասեմ, որ մենք Հունաստանի հետ ունենք շատ ջերմ, բարեկամական հազարամյակների պատմություն ունեցող հարաբերություններ: ՀՀ դեսպանը շատ կարևոր օղակ է այդ հարաբերություններում: Նախարարի համար շատ տհաճ է, որ որոշ աշխատանքային հարցեր իջեցվել են կենցաղային մակարդակի, և մենք գտնում ենք, որ հարկավոր է այդ հարցերը լուծել երկխոսության միջոցով, առանց փոխադարձ վիրավորանքների կամ նեղանալու: Հունաստանը համարվում է արևմտյան երկիր, մեր նպատակն է առավել ընդլայնել Հունաստանի հետ մեր ավանդական ջերմ, բարեկամական հարաբերությունները և կարծում ենք, որ թե դեսպանը, թե համայնքը կարևոր դերակատարություն են խաղալու այդ գործընթացում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տիգրան Բալայանը:
2016 թվականի հունիսի 15-ի ՀՀ նախագահի հրամանագրով Ֆադեյ Չարչօղլյանը նշանակվել է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, նստավայրը` Աթենք: