Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին: Ինչպես հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին, Տիգրան Ավինյանը ասել է, որ հայ-բրիտանական հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ոլորտներում:
Միաժամանակ նա նշել է, որ առկա է զգալի ներուժ և համոզմունք հայտնել, որ համատեղ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի երկկողմ հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի հասցնել:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ Միացյալ Թագավորությունն աջակցում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Զրուցակիցները քննարկել են լավ կառավարման, գործարար միջավայրի բարելավման, ներդրումային քաղաքականության ոլորտներում իրականացվող ծրագրերը:
Տիգրան Ավինյանը Ջուդիթ Ֆարնուորթին է ներկայացրել «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, ինչպես նաև հանրային կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ կառավարության մտադրությունները: Հաշվի առնելով Միացյալ Թագավորության առաջատար փորձը զբաղվածության քաղաքականության և հանրային կառավարման ոլորտներում՝ կողմերը պայմանավորվել են ավելի խորն ուսումնասիրել այդ ուղղություններով համագործակցության հնարավորությունները: