ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը հուլիսի 24-ին ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան, Ն. Գ. տիկին Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Հանդիպման նպատակն էր քննարկել ընթացիկ համագործակցության խորացման հնարավորությունները և նախանշել փոխգործակցության նոր ուղղություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Ռոստոմյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԻՆ մարդկային ռեսուրսների մասնագիտական կարողությունների զարգացման գործում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցության համար, որի շնորհիվ ապահովվում է ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի անգլերեն լեզվի հմտությունները կատարելագործելու շարունականանությունը: Նախարարը նաև կարևորել է Միացյալ Թագավորության փորձագիտական աջակցությունը ռեսուրսների ռազմավարական պլանավորման և կառավարման ոլորտում համապատասխան կարողությունների զարգացման հարցում:
Բրիտանական կողմն իր հերթին մեծ գոհունակությամբ ընդգծել է ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերի համար 2017 թ. ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հետ համատեղ Միացյալ Թագավորության 6-րդ գումարտակի փորձագետների մասնակցությամբ առաջին օգնության, կենսաապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով իրականացված դասընթացների և վարժանքների դրական արդյունքները՝ նշելով, որ նմանատիպ միջոցառում ակնկալվում է իրականացվել նաև այս տարի՝ սեպտեմբերին:
Միաժամանակ, տիկին Ֆարնուորթը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունն այս տարի առաջին անգամ դարձել է նաև Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման ֆոնդի» շահառու, որի շրջանակներում բրիտական կողմը պատրաստ է հանրային կառավարման ոլորտի կատարելագործման հարցում ՀՀ պետական կառավարման մարմիններին ցուցաբերել համապատասխան աջակցություն:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը կարևորել է նաև աղետներին դիմակայելու պատրաստվածության համատեքստում Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի հիշատակմանը նվիրված միջազգային գիտաժողովին Միացյալ Թագավորության համապատասխան փորձագետների մասնակցությունն ու ներդրումը: