ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին: ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ և կարևորել է խորհրդարանների միջև հարաբերությունների սերտացումն ու հետագա ամրապնդումը՝ նշելով, որ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը հաստատվել են 1992 թվականին, երբ Միացյալ Թագավորության խորհրդարանում ստեղծվեց բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խումբը: Գալուստ Սահակյանը կարևոր է համարել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը:

 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Քեթրին Լիչը նշել է, որ ՄԹ մեծ կարևորություն է տալիս խորհրդարանների միջև համագործակցության զարգացմանը: Նրա խոսքով՝ հայ խորհրդարանականների՝ այս օրերին ընթացող այցը Մեծ Բրիտանիա նոր լիցք կհաղորդի միջխորհրդարանական կապերին և կամրապնդի փոխգործակցությունը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի անդամակցությանը ԵՏՄ-ին, Հայաստան-ԵՄ համագործակցությանը, կարևորվել է առևտրատնտեսական կապերի զարգացումը: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ բրիտանացի խորհրդարանականները կմասնակցեն 2015թ. ապրիլին Երևանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: