ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոտոմյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին: Կողմերը խոսել են սպորտի և երիտասարդության քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցության և համատեղ իրականացվող ծրագրերի մասին:

Նախարարը ողջունել է դեսպանին և ներկայացրել 2016 թ. ընցացքում նախարարության կողմից իրականացված ծրագրերից մի քանիսը: «Կարևորը ոչ միայն սպորտում գրանցած մարզական բարձր արդյունքներն են, որը մեր մարզիկները գրանցեցին անցնող մրցաշրջանում, այլ նաև մասսայական սպորտը, մասնավորապես նախազորակոչային և զորակոչային տարիքի պատանիների ընդգրկվածությունը մարզական միջոցառումներում: Առողջ սերունդը կայուն և հզոր ապագայի գրավականն է»,- ասել է նախարարը:

Նախարարը խոսել է նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների՝ որպես բասկետբոլային գերտերության փորձն ուսումնասիրելու և մեր երկրում կիրառելու մասին: «Ամերիկահայ 7 բասկետբոլիստներ ընդգրկված են ՀՀ բասկետբոլի տղամարդկանց հավաքականի կազմում: Նրանք ամերիկյան բասկետբոլի դպրոցում ձեռք բերած գիտելիքները կիրառում են մեզ մոտ: Ահա սպորտում համագործակցության ևս մեկ փայլուն օրինակ»,- նշել է Հ. Ռոստոմյանը:

Դեսպան Ռ. Միլսի խնդրանքով նախարարը ներկայացրել է նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում նախարարության կողմից իրականացվող ծրագրերը: «Ծրագրերը բազմազան և բազմատեսակ են: Որպես մեր որդեգրած քաղաքականության կարևորագույն բաղադրիչ կառանձնացնեմ իրականացվող ծրագրերի մարզակենտրոն լինելը: Բազմաթիվ ծրագրեր ենք մշակել և դրանք իրականացնում ենք հատկապես մարզերում»,- տեղեկացրել է Հ. Ռոստոմյանը:

Պարոն Ռ. Միլսն իր պատրաստակամությունն է հայտնել՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն՝ ծրագրերի իրականացման գործում և հաջողություններ է մաղթել նախարարության բոլոր նախաձեռնություններին: