ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Միլսն արդեն Հայաստանում է եւ անցել է դեսպանի իր պարտականություններին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ դեսպանատունը Twitter-ի իր էջում շնորհավորել է դեսպանին ա ռաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: «Դեսպան Միլսի առաջին աշխատանքային օրը: Բարի գալուստ»,- ասված է դեսպանատան միկրոբլոգում:
ԱՄՆ կառավարության փոխանակման ծրագրերի շրջանավարտները նորանշանակ դեսպան Ռիկ Միլսին հասցեագրված տեսաողջույն են տարածել: Դեսպանությունն իր ֆեյսբուքյան էջի միջոցով առաջարկում է բաց չթողնել դեսպան Միլսի հետ ճաշելու հնարավորությունը' պատրաստելով 30 վայրկյան տևողությամբ տեսանյութ, շարունակելով «Բա՛րև, Ռիկ Միլս: Միասին մենք կարող ենք...» նախադասությունը եւ այն ուղարկելով [email protected] հասցեով:
Ռիչարդ Միլսին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջադրել էր նախորդ տարվա հուլիսին: Նա Հայաստանում փոխարինում է Ջոն Հեֆերնին: Երդմնակալության արարողության ժամանակ դեսպանը խոսել է հայ-ամերիկյան հարաբերությունների մասին եւ ներկայացրել դեսպանատան առաջնահերթությունները:
Նա շեշտել է, որ իր եւ դեսպանատան օրակարգում կա երկու կարեւորագույն հարց: Դրանցից առաջինը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է: Երկրորդ կարեորագույն հարցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է: «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը կաշխատի ցույց տալ, որ Միացյալ Նահանգներն ու ամերիկյան ժողովուրդը այս կարևոր պահին իրենց համերաշխությունն են հայտնում հայ ժողովրդին և երբեք, երբեք չեն մոռանա այն ողբերգությունը, որին զոհ են գնացել մեկ միլիոնից ավելի հայեր»,- ասել է դեսպանը: