ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին առաջադրել է Ռիչարդ Միլս-կրտսերի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Եթե առաջարկն ընդունվի Սենատի կողմից, Միլսը կփոխարինի ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին:

 

«Ես շնորհակալ եմ, որ այս տպավորիչ անհատականություններն ընտրել են իրենց տաղանդն ամերիկացի ժողովրդին ծառայեցնելու ճանապարհը' մեր երկրի համար այսքան կարևոր ժամանակ: Ես անհամբերությամբ եմ սպասում նրանց հետ աշխատելուն առաջիկա ամիսներին ու տարիներին»,- ասել է Օբաման՝ վկայակոչելով Միլսին և բոլոր նրանց, ովքեր առաջադրվել են դեսպանական պաշտոններում:

 

Միլսը ներկայումս Բեյրութում ԱՄՆ դեսպանի տեղակալն է: Նա ժամանակավոր հիմունքներով իրականացրել է նաև Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի գործառույթները՝ 2011-ի հունիսին: Միլսը դիվանագիտական աշխատանքի է անցել 1988-ին' ծառայելով Փարիզում ԱՄՆ դեսպանությունում, հետագայում նաև' Դուբլինում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում, Իսլամաբադում, Էր Ռիյադում: Նա Վաշինգտոնում միացել է Խորհրդային բյուրոյին' Հայաստանի և Արդբեջանի անկախացումից հետո պաշտոնի անցնելով հյուպատոսական ծառայությունում:

 

Միլսն ավարտել է Ջորջթաունի համալսարանի Դիվանագիտության դպրոցը: Նա նաև ունի Տեխասի համալսարանի իրավաբանի դիպլոմ և մագիստրոսական դիպլոմ է ստացել միջազգային անվտանգության ասպարեզում Միջազգային պաշտպանության համալսարանում 2005 թվականին: Մինչ դիվանագիտական աշխատանքի անցնելը, Միլսը Վաշինգտոնում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով: Ամուսնացած է դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Լի Կարտերի հետ: Խոսում է ֆրանսերեն և ռուսերեն: