Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի, 213-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի անդամի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հայտարարում եմ, որ Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 2-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»,- ասված է Արա Բաբլոյանի տարածած հայտարարության մեջ:
ՍԴ անդամի թափուր տեղ է առաջացել, երբ լրացել էր ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը: Գագիկ Հարությունյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ, իսկ այնուհետև խորհրդի անդամների կողմից ընտրվեց նախագահ: ՍԴ նախագահ է ընտրվել Հրայր Թովմասյանը, ով ՍԴ-ում փոխարինել էր Կիմ Բալայանին: