ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մայիսի 6-ին ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Դեսպանը շնորհավորել է Գալուստ Սահակյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ և փոխանցել Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի ջերմ ողջույնները, շնորհավորանքը և վերահաստատել Իրան պաշտոնական այց կատարելու պարոն Լարիջանիի հրավերը: Նա վստահություն է հայտնել, որ ԱԺ նախագահի պաշտոնական այցը ԻԻՀ կխթանի միջխորհրդարանական կապերի խորացումը: Դեսպանը կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը բոլոր բնագավառներում, նախանշված համատեղ ծրագրերի իրականացումը:

 

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և երկկողմ համագործակցությունը շարունակում է զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Պարոն Սահակյանը բարձր է գնահատել միջխորհրդարանական հարաբերությունների ներկա մակարդակը և հետագա խորացումը: Ըստ ԱԺ նախագահի' հայկական կողմը կարևորում է երկկողմ տնտեսական նախագծերի իրագործումը նախատեսված ժամկետներում, ինչը հնարավորություն կտա երկկողմ տնտեսական հարաբերությունները բարձրացնել որակական նոր աստիճանի:

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: