Արդյունավետ կառավարման վտանգներից է ոչ թե վատ կադրերի նշանակումը (ցանկացած պահի կարելի է փոխել), այլ բանիմաց կադրերին պահել չցանկանալը, չկարողանալը: Ցանկացած բանիմաց մարդ գիտի, որ կադրի պատրաստումը ժամանակ ու ռեսուրսներ է պահանջում:
Այս նպատակով հաճախ հայտարարվում է "կադրային ջարդ չի լինելու" հանգստացնող կարգախոսը: Բայց հայտարարածն ու իրականում տեղի ունեցողը միշտ չէ, որ համընկնում են: Ու կարող ես ականատես լինել, թե ինչպես աշխատանքից ազատվելու դիմում չգրած միջակությունները, սրա֊նրա "ականջները" ոտքերը մի բան էլ պնդացնում են, իսկ արժանապատիվ ու պրոֆեսիոնալ մարդիկ, վախենալով թայֆայաբազությանն առնչվելու վտանգին, առաջինն են դիմում գրում ու հեռանում:
Եթե պետական կառավարման տեսանկյունից նայենք, կադրային բարձր էշելոնում, բնականաբար, նշանակվում են 1)թիմին հավատարիմ մարդիկ, 2)քաղաքական պայմանավորվածությունների հետևանքով ընտրված մարդիկ, 3)հովանավորների մարդիկ:
Սա բնական քաղաքական մարտավարություն է, որը պետք է ընդունել որպես իրողություն:
Սակայն արդյունավետ կառավարումը ձախողվում է և հետագա քաղաքական վատ հետևանքներ է թողնում, երբ հաշվի չի առնվում առաջին պարբերությամբ նշածս՝ միջին և ավելի ցածր կադրերի հարցում: Ձախողվում է, որովհետև սպառողը, տվյալ դեպքում ժողովուրդը, ակնկալում է որակյալ արտադրանք, իսկ որակյալ արտադրանք կարող է տալ միայն ոլորտից հասկացողը: