Գյումրիի թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը հունիսի 9-ին կալանավորվել է: Այս մասին ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:
Նա նշեց՝ դպրոցի տնօրենի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել դեռեւս մայիսի 5-ին. «Արսեն Ալեքսանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ»,- ասաց Արևիկ Խաչատրյանը՝ ընդգծելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել, ապա կալանավորվել է։
Խաչատրյանի խոսքով՝ ըստ նախաքննության տվյալների՝ ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։ Նա նշեց, որ դպրոցի տնօրենը խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը, որը դրսեւորվել է քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով։
Նշենք՝ 2018 թվականի ապրիլի 20-ին Գյումրի քաղաքի մի բնակչուհի դիմում է հասցեագրել Շիրակի մարզի դատախազին, որում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկություններ է ներկայացրել «Գյումրու թիվ 40 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կատարվող չարաշահումների և յուրացումների վերաբերյալ: