«Տիկին Թանդիլյանը ինտելեկտուալ, բարոյական, ճիշտ գործիչ է: Սա ասում եմ ոչ միայն որպես գործընկեր, այլև մարդ, ով առնվազն 30 տարի ճանաչում է նրան: Դպրոցական տարիքից եմ ճանաչում,նույն քաղաքից ենք»,- խոսելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հրաժարականի մասին՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ էդուարդ Շարմազանովը:
Նա, հաջողություն մաղթելով Թանդիլյանին, ասաց. «Դա իր որոշումն է, ես հարգանքով եմ վերաբերում, նախկին պատգամավոր, այժմ արդեն Սոցապ նախկին նախարարի որոշմանը: Քաղաքականության մեջ որոշումները լինում են քաղաքական, իսկ սա այդպիսին էր, և ես դա չեմ մեկնաբանում»: Հարցին՝ արդյո՞ք սա ներկայիս կառավարության ճաքերից է, Շարմազանովը պատասխանեց.
«Երբ Փաշինյանն ընտրվում էր վարչապետ, ես նրան հարց ուղղեցի՝ ո՞րն է երաշխիքը, որ այլ հարցերում 180 աստիճանով չի փոխելու իր դիրքորոշումը՝ լինելով իշխանություն: Ես ասացի՝ պարո՛ն Փաշինյան դուք ինձ չհամոզեցիք՝ ես այն կարծիքին չեմ, որ քաղաքական գործիչը ընդդիմությունից տեղափոխվում է իշխանություն՝ պետք է իր քաղաքական հայեցակարգը փոխի: Իմ կարծիքով, թե՛ Հայաստանում, թե՛ ցանկացած ժողովրդավարական երկրում, քաղաքական գործիչը՝ անկախ իշխանություն կամ ընդդիմություն լինելուց, պետք է ունենա հստակ հայեցակարգ կարևորագույն հարցերի շուրջ»,- նշեց Շարմազանովը: