Ազգային անվտանգության ծառայությունը գործողություններ է իրականացնում Երևանի քաղաքապետարանում: Այս մասին տեղեկացրեց ԱԱԾ Մամուլի կենտրոնի պետ Սամսոն Գալստյանը:

 

«Այս պահին կարող եմ միայն հաստատել, որ, այո՛, գործողություններ են իրականացվում Երևանի քաղաքապետարանում: Սակայն լրացուցիչ տեղեկությունների համար հորդորում եմ սպասել պաշտոնական հաղորդագրության»,-նշեց Գալստյանը:

 

Մամուլում շրջանառվող որոշ տեղեկությունների համաձայն՝ գործողությունները կապված են «Երևան» հիմնադրամի գործունեության հետ և առգրավել են հիմնադրամի բոլոր փաստաթղթերը։

Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը «Երևան» հիմնադրամի դեմ դիմել են դատարան՝ անհրաժեշտ տեղեկություններ չտրամադրելու համար:

Տեղեկություններ կային նաև, որ Երևանի ավագանու առաջիկա նիստում քննարկվելու է հիմնադրամի լուծարման  հարցը: Նիստը նախատեսված է հունիսի 26-ին, սակայն Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում նիստի օրակարգը կցված չէ: