Որոշումը կուսակցության համար նույնպես եղել է անակնկալ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից Մանե Թանդիլյանի հրաժարականին:

«Տիկին Թանդիլյանը «Դեմ եմ» նախաձեռնության առաջնորդներից է եղել և պարտադիր կուսատակային համակարգը և դրա ներդրման հետ կապված խնդիրները նրա համար շատ էական և կարևոր նշանակություն ունեն: Նշված իրավիճակից ելնելով, նա գնացել է այդ քայլին: Մանեն առաջին հերթին իմ ընկերն է, իմ քաղաքական զինակիցն է, և նա կայացրել է անձնական որոշում»,- ասաց Մարուքյանը:
 
Նա նաև տեղեկացրեց, որ վարչապետը դեռևս չի ընդունել Մանե Թանդիլյանի հրաժարականի դիմումը և երբ ընդունի՝ իրենք կանդրադառնան հարցին՝ այլ մարդ ներկայացնե՞լ այդ պաշտոնի համար, թե՝ ոչ: Մարուքյանի խոսքով՝ այս պահին այլ մարդու հարց չեն քննարկում, քանի որ տիկին Թանդիլյանի դիմումը դեռևս ստորագրված չէ:
 
Անդրադառնալով Մանե Թանդիլյանի՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից դուրս գալու հարցին Մարուքյանը նշեց. «Դա ևս իր անձնական դաշտում է: Որքանով որ ինքն է մեկնաբանում՝ որպեսզի կուսակցության գործունեությունը, կապված այս կառավարությանը աջակցելու հետ՝ չխոչընդոտի: Թեև ես պետք է ասեմ՝ նման խնդիր չկա. Թանդիլյանը կարող է դուրս գալ կառավարության կազմից, բայց կուսակցությունը շարունակի իր դիրքորոշումը պահպանել այնպես, ինչպես կա: Կուսակցությունը դեռևս չի ստացել դիմումը, երբ ստանա, խորհուրդը կքննարկի: Նա սովորական անդամ չէ, կուսակցության փոխնախագահն է, բնականաբար, դա մեզ համար ցավոտ որոշում է, բայց միևնույն ժամանակ, մենք հարգում ենք նրա որոշումը»,- պարզաբանեց պատգամավորը:
 
Նրա խոսքով՝ կուսակցությունը տեղեկացված չի եղել Թանդիլյանի որոշման մասին. «Դրանից է բխում նաև այն համանգամանքը, որ նա դուրս է եկել նաև կուսակցությունից, իսկ կուսակցությունը նման որոշում չունի»