ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանեց Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետին դիմավորել են Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը:
Ինքնաթիռի մոտ Փաշինյանին մոտեցել է Ռուսաստանում մեկնարկող ֆուտբոլի Աշխարհի առաջնության խորհրդանիշ «Զաբիվակա» գայլը: Նրանք լուսանկարվել են և խորհրդանշական հարվածներ են կատարել գնդակով:
Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կլինի Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրում:
Վարչապետը կմասնակցի Խորհրդային միության հերոս, ԽՍՀՄ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի կիսանդրու բացման արարողությանը: Նիկոլ Փաշինյանը «Լուժնիկի» մարզադաշտում ներկա կգտնվի ֆուտբոլի Աշխարհի առաջնության բացման հանդիսավոր արարողությանն ու առաջնության առաջին խաղին: