«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների վերաբնակեցման կենտրոնում ծնվել է առաջին ձագը։

Այս մասին տեղեկացրին «Դիլիջան» ազգային պարկից: Փոքրիկ եղջերուն գտնվում է առողջ վիճակում:

 

Կովկասյան ազնվացեղ եղջերուն  անօրինական որսի արդյունքում վերացել էր: Ապրիլին Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան էին բերվել 3 Կովկասյան ազնվացեղ եղջերուներ, կենդանու այս տեսակը վերականգնելու համար: Վերջին անգամ ազնվացեղ եղջերուներ Հայաստանում արձանագրվել են 90-ական թվականներին:

«Դիլիջան» ազգային պարկի տարածքը Հայաստանի բնաշխարհի եզակի անկյուններից է, որն առանձնանում է հարուստ և յուրօրինակ կենսաբազմազանությամբ, մեզոֆիլ անտառային լանդշաֆտների, գիտական, ճանաչողական և տնտեսական բարձր արժեքներ ունեցող առանձին էկոհամակարգերի ու բնության հուշարձանների բնապահպանական, գիտա-ճանաչողական, առողջապահական և ռեկրեացիոն բարձր արժեքներով:
Ազգային պարկը գտնվում է Հայաստանի հյուսիսային հատվածում` Փամբակի, Արեգունու, Միափորի լեռնաշղթաների լանջերին, Աղստև և Գետիկ գետերի ավազաններում` ծովի մակարդակից 1000- 2900 մ բարձրությունների սահմաններում: 

Պահպանության օբյեկտներն են կովկասյան տիպի մեզոֆիլ անտառները, հաճարենու և կաղնու համակեցությունները, կենու եզակի պուրակը, անտառային հազվագյուտ ֆաունան և պատմաճարտարապետական ու բնության եզակի հուշարձանները: