«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ապօրինի հատվել է 50 ծառ: Ինչպես հունվարի 13-ին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, 2014թ. դեկտեմբերի 22-ից մինչեւ 2015 թ. հունվարի 12-ը իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և կազմվել է անտառխախտման 6 արձանագրություն' ապօրինի հատված 50 ծառի համար:

 

«Աղավնավանք տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի աշխատակիցները դեկտեմբերի 22-ին արձանագրել են մեկ կանգուն ծառի ապօրինի հատում' կատարված անչափահաս Պ. Բուդաղյանի կողմից: Դեկտեմբերի 24-ին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 11-րդ պահաբաժնում կազմվել է անտառխախտման արձանագրություն Մ. Խաչատրյանի նկատմամբ' 4 կանգուն ծառի ապօրինի հատման համար, նույն տեղամասի 6-րդ պահաբաժնում 2015թ. հունվարի 9-ին Ա. Ավանեսովի նկատմամբ' ապօրինի հատված 22 կանգուն ծառի համար:

 

Եվս մեկ անտառխախտման արձանագրություն կազմվել է դեկտեմբերի 26-ին «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 7-րդ պահաբաժնում' Դ. Կարեյանի նկատմամբ' ապօրինի հատված 7 կանգուն ծառի համար, դեկտեմբերի 29-ին «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 12-րդ պահաբաժնում' Ա.Թամրազյանի նկատմամբ ապօրինի հատված 9 կանգուն ծառի համար:

 

Անտառխախտման մեկ այլ արձանագրություն կազմվել է սույն թվականի հունվարի 12-ին «Գոշ տեղամաս» մասնաճյուղի 2-րդ պահաբաժնում' Մ. Հակոբյանի նկատմամբ' ապօրինի հատված 7 կանգուն ծառի համար:

 

Անտառխախտման արձանագրություններն ուղարկվել են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության Տավուշի տարածքային բաժին՝ ապօրինի հատումների արդյունքում անտառին հասցված վնասի չափը հաշվարկելու համար: