Այսօր` հունիսի 16-ին Էջմիածնի կենտրոնական հրապարակում հավաք էր, սակայն ոչ թե բողոքի, այլ աջակցության: Էջմիածնի բնակչությունը հավաքվել էր՝ աջակցելու քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ում դեմ, ինչպես տեղեկացրել ենք, հունիսի 14-ին նույն հրապարակում բողոքի ակցիա էր կազմակերպվել: 

Ի դեպ, Էջմիածին մտնող գլխավոր ճանապարհն, այդ թվում քաղաքի բոլոր խաչմեչուկներն, այսօր փակ էին. Կարեն Գրիգորյանի հրաժարականը պահանջող մի խումբ քաղաքացիներ թույլ չէին տալիս, որ քաղաքապետին աջակցողները հանգիստ շարժվեն դեպի հրապարակ: Չնայած դրան՝ հրապարակը բազմամարդ էր: Իսկ հավաքվածները կրում էին «Մեր քաղաքապետը Կարենն է» մակագրությամբ շապիկներ և «Կարեն» մակագրությամբ գլխարկներ: 

 

Հրապարակ եկավ նաև քաղքապետ Կարեն Գրիգորյանը: Նա նախապես նստեց քաղաքի հայտնի՝ «հաշտության աթոռին»` սպասելով հակառակ կողմին, ովքեր այդպես էլ չեկան հաշտվելու: Այնուհետև բեմից ողջունեց քաղաքացիներին, ասելով որ սադրանքների չեն տրվում, իրենց կողմից ցույցեր և հավաքներ չեն անելու, իրենք կողմ են համերաշխությանը, իսկ հակառակորդներին կոչ արեց գալ հաշտության վաղը՝ ժամը 10.00-ին:

Քաղաքապետն ելույթից հետո շրջում էր քաղաքում, զրուցում և նկարվում համաքաղաքացիների հետ: Իսկ հրապարակում շարունակվում էր տոնական տրամադրությունը` էջմիածնեցիները երգով ու պարով էին արտահայտում իրենց աջակցությունը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հավաքվածները պատմեցին նաև, որ ողջ օրը տարատեսակ սադրանքերով իրենց փորձել են համոզել հրապարակ չգնալ, վախեցրել են՝ ասելով, թե պայթուցիկներ են պայթելու, կրակոցներ են լինելու, բայց իրենք չեն վախեցել և եկել են: