Այսօր՝ հունիս 19-ին, ՀՀ Աժ արտահերթ նիստում  քննարկման դրվեց գեներալ Մանվել Գրիգորյանին  անձեռնամխելիությունից զրկելու հարցը։

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրեց միջնորդագիր՝ Մանվել Գրիգորյանի հանդեպ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

 

Իր ելույթի խոսքում Արթուր Դավթյանը նշեց, որ 6 խուզարկություններ են կատարվել Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում, որի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի ռազմամթերք, սննդամթերք, հագուստ, կենցաղային իրեր, ավտոմեքենաներ։

Մոտ 20 րոպե տևած  մեղադրական խոսքում նա ներկայացրեց գործի վերաբերյալ մանրամասներ, խոսքը համեմեց Մանվել Գրիգորյանի տանից գտնված՝ հայ զինվորին ուղղված՝  աշակերտուհիներից մեկի նամակն ընթերցելով։

ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն առաջինը հերթագրվեց Գլխավոր դատախազին հարց տալու համար։

«Պարո՛ն դատախազ, այն, ինչ Դուք ներկայացրիք՝ մարադյոր, զինվորի հաց գողացող, իմ գնահատմամբ՝ պետական դավաճան Մանվել Գրիգորյանի կյանքից 1 օրվա, 1 ամսվա, 1 տարվա հանցագործություն չէր։ Հարցս հստակ է՝ ու՞ր էիք Դուք, ու՞ր էր մեր իրավապահ համակարգը, երբ Մանվել Գրիգորյանը գողանում էր առաջնագծում կանգնած զինվորի հացը։ Ե՞րբ իմացաք որ Մանվել Գրիգորյանը կատարել է Ձեր թվարկած շատ երկար հանցագործությունները»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը։

Գլխավոր դատախազը նկատեց, որ օրակարգին վերաբերվում է միայն «ե՞րբ իմացաք» հարցը։

 

«Իմացա 2018թ․-ի հունիսի 5-ից, երբ դատավարական օրենքով նախատեսված կարգով այս դեպքով սկսվեց իրականացվել վարույթ», -պատասխանեց Արթուր Դավթյանը։

Պատասխանը բարկացրեց  Նաիրա Զոհրաբյանին։

«Զարմանալի է, պարո՛ն դատախազ, տարիներ շարունակ մամուլը, ժողովուրդն, էջմիածնեցիները խոսում էին այն մասին, որ այդ կենդանին պատանդ էր վերցրել էջմիածին քաղաքը։ Սա ողբերգություն է, երբ մենք ականատես ենք լինում, թե ինչպես կարող է մարդը, որին տրվել է Արցախի բարձրագույն պարգևը, լինի սովորական, պրիմիտիվ էժանագին ջեբկիր»,- հուզված հակադարձեց Զոհրաբյանը։

Ակնարկելով պատգամավորի ընդգծված հուզականությունը՝ դատախազը, «լավագույն պաշտպանությունը հարձակումն է» սկզբունքով՝ հարցին հարցով պատասխանեց․ «Ինձ հիմա հարց է հետաքրքրում՝ Դուք այդ ամեն ինչին տեղյակ լինելով, եթե դրա մեջ տեսել եք առերևույթ հանցագործության հատկանիշներ, որպես ԱԺ պատգամավոր, երբևէ դիմե՞լ եք դատախազին կամ որևէ իրավապահ մարմնի, որ այդ  փաստով իրականացվի վարույթ կամ ստուգվի այդ հանգամանքը»։

Դատախազը նկատեց, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է այդ հարցին հետո պատասխանել։

Ո′չ պատգամավորը, ո′չ դատախազն այդպես էլ չկողմնորոշվեցին՝ ով որտեղ է եղել գեներալի՝ նշված հանցագործությունները կատարելու ժամանակ։

 

Լիլիթ Հակոբյան