«ՔՊ-ն ՏԻՄ-ում հաղթելու համար շատ պարզ տեխնոլոգիաներ է օգտագործում»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրությունների արդյունքներին:
«Առաջինը օգտագործում է այն, որ իրական ընդդիմությունը, այսինքն խորհրդարանական, ոչ թե ֆեյք, ըստ էության, չկարողացավ լուրջ այլընտրանք ներկայացնել ՔՊ-ին: Այսինքն, իրենք չկարողացան, չառաջադրեցին, չհամախմբվեցին: Որոշ տեղերում ՀՅԴ-ն, 1-2 տեղ Հանրապետականը, բայց իրենք եթե միասնաբար առաջադրվեին որպես այլընտրանք, ես վստահ եմ, որ պատկերը բոլորովին այլ կլիներ:
Երկրորդ գործիքակազմը, որ օգտագործում է ՔՊ-ն, դա վարչական տոտալ ռեսուսրսներն են: Էն, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես ընդդիամադիր պատգամավոր, ԱԺ-ի ամբիոնից անընդհատ խոսում էր վարչական ռեսուրսի կիրառման, բուհերը, դպրոցները իշխող կուսակցության որջեր դարձնելու, ասֆալտը որպես նախընտրական կաշառք օգտագործելու մասին, մենք տեսանք, որ բազմաթիվ համայնքներում էդ ասֆալտ օպերացիան կիրառվել է: Այն գործիքակազմը, որ օգտագործել է Նիկոլ Փաշինյանը, ֆեյք քարոզչությունն է, որ շարունակում է ազդեցություն ունենալ՝ նախկինները, թալանը, և արդյունքում՝ մենք ունեցանք պատկեր, որ որոշ համայնքներում, և որ ամենազարհուրելին էր ինձ համար՝ Սիսիանում, և հենց Իշխանասարը ընտրեց մի քաղաքական ուժի, որը հանձնեց Իշխանասարը թուրքին: Ավելին, ես կառաջարկեմ, որ ՔՊ-ն հաջորդ ընտրություններում Սիսիանում առաջադրի Ալիևին. վստահ եմ՝ առավելագույն ձայներ կհավաքի: Այս ամենը օգտագործելով՝ իրենք որոշ համայնքներում կարողացան լինել առաջատար, իսկ ընդհանուր պատկերը ցույց տվեց, որ եթե լինի իրական ընդդիմության համախմբածությունշ՝ Նիկոլ Փաշինյանը որևէ շանս չունի ո′չ որևէ համայնքում, ո′չ համապետական, խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու»,-ասաց Զոհրաբյանը:
Ըստ Զոհրաբյանի՝ ՔՊ-ն ՏԻՄ ընտրություններում հաղթանակ չի տարել.
«Նույն Սիսիանում էս պահին, չնայած իրենք հավաքել են առավելագույն ձայն, բայց խնդիր ունեն 51+ ձայն հավաքելու, բայց ես կարծում եմ՝ էդ հարցը իրենք կլուծեն, որովհետև, կրկնում եմ, առաջադրված են Նիկոլի տարբեր կուսակցություններ՝ որպես այլընտանք, որոնք ճիշտ պահին կմիանան ՔՊ-ին, կկազմեն կոալիցիա»,-նշեց նա:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեզ հետ զրույցում ընդգծեց այն հանգամանքը, որ համայքներում ժողովուրդը ընտրում է հիմնականում իշխող թիմին:
«Մի քանի բան պետք է հաշվի առնել, որ ընդհանրապես այսօր ցանկացած մակարդակի ընտրությունները չի կարելի ասել, որ դրանք ժողովրդավարական են, որովհետև Հայաստանում ընտրություների միջոցով դեռևս իշխանություն չի փոխվել: Երկրորդը, եթե համապետական ընտրությունների ժամանակ ինչ-որ չափով լինում է քաղաքական պայքար, ապա ՏԻՄ ընտրություններում հիմնականում քաղաքական պայքար գոյություն չունի:
Այնտեղ ավելի շատ բարեկամական և այլ այդպիսի հարցեր են լուծվում, ավելին ասեմ՝ որպես կանոն, ՏԻմ ընտրություններում հպատակ քաղաքացին ընտրում է օրվա իշխանությանը: Եվ պատահական չի, որ ՏԻՄ ղեկավարները տարբեր ժամանակներում եղել են կոմունիստ, հետո իշխանական, հանրապետական, հիմա էլ ՔՊ-ական: Ավելին, եթե վաղը, պայմանական ասած, իշխանափոխություն լինի, և իշխանության գան դաշնակցությունը կամ էլ կոմունիստները՝ նույն մարդիկ կընտրեն կա′մ դաշնակցությանը, կա′մ կոմունիստներին․ դա մեր հպատակ ժողովրդի սովորությունն է: Եթե վաղը թուրքը լինի՝ թուրքին կընտրեն»,-եզրափակեց Ավետիք Իշխանյանը:
Լուսինե Ալեքսանյան