Կառավարությունն ընդունեց որոշում, որով նախատեսվում է Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանել նոր կառավարության կազմին համապատասխան, բացի այդ, կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմում ընդգրկվում է նաև ՀՀ ՊՆ վերահսկիչ վարչության աշխատակից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է Կառավարության նոր կազմի ձևավորման արդյունքում հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը փոփոխելու անհրաժեշտությամբ:

 

«Հանրապետական զորակոչային հանձնաժողովի կազմը սահմանվել է նախորդ կառավարության շրջանակում, և համապատասխան պաշտոնատար անձինք այլևս չեն հանդիսանում կառավարության անդամներ: Բացի այդ, 5-րդ բանակային կորպուսի հրամանատար Ա. Դավթյանը Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ: Միաժամանակ, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության արդյունավետությունն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել նշված հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության ներկայացուցիչ»,- ասված է հիմնավորման մեջ:

Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման գործընթացը: