«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով' չի բացառվում, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը հրաժարվի քննել 2015 թվականին Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտնաբերված Նորք-Մարաշ վարչական շրջանի հանցավոր խմբի գործը:
Ըստ մեզ հասած լուրերի' դատավորը հայտարարել է, թե այս քայլին գնում է, քանի որ ԲԴԽ անդամ լինելով' չի հասցնում լիարժեք քննել առանց այն էլ մեծ աղմուկ հանած գործը:
Դատական համակարգում խոսակցություններ կան, որ չի բացառվում այդ գործը չքննելու ցանկությունը պայմանավորված է թավշյա հեղափոխության հետ:
Մասնավորապես, նոր Հայաստանի պայմաններում դատավորներն այլեւս չեն աշխատում Բաղրամյան 26-ից իջեցված հրահանգներով, հետեւաբար Բեկթաշյանն էլ չի ցանկանում «մատերի արանքով» նայել այդ գործին, որպեսզի հետո ստիպված չլինի անձամբ պատասխանատվություն կրել:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություններ ստանալ Բեկթաշյանից, սակայն նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: