Ինչպես տեղեկացրել ենք, ջերմուկցիները մեկ ամիս է պայքարում են Ամուլսարի վրա ընթացող հանքի շինարարական աշխատանքների կասեցման դեմ: Ակտիվիստները փակում են հանք տանող ճանապարհները: Փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո ցուցարարները դադարեցրին ակցիան. խոստացվել էր խնդրի լուծում:
Սակայն արդեն երկրրորդ օրն է բողոքի ակցիաները վերսկսվել են։ ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում ակցիայի մասնակից Վազգեն Գալստյանը պատմեց, որ, ըստ փոխվարչապետի հետ ձեռք բերված համաձայնության, պետք է հատուկ հանձնաժողով ստեղծվեր, որը կուսումնասիրեր հանքի շահագործման հետևանքով բնությանը հասցվող վնասը:
«Բավական ժամանակ է անցել, արդյունք չկա: Տեղեկացել ենք, որ մեր խնդրով ոչ ոք չի զբաղվում: Ամեն մի օրը թանկ է ու կարևոր: Հանձնաժողովը գուցե երկու տարուց ձևավորվի, իսկ մենք չենք կարող սպասել»։ Երեկ նախարարության աշխատակիցներ էին եկել և խնդրում էին դադարեցնել ակցիան, բացել ճանապարհները, բայց չենք պատրաստվում»,- պատմեց ակտիվիստը:
Այսօր արդեն հանքի աշխատակիցները ավտոբուսներով հեռանում են ոչ միայն հանքից, այլև Ջերմուկից, ցուցարարները հրաժեշտ են տալիս նրանց՝ ասելով, որ Ջերմուկ թող գան միայն խորոված ուտելու և հանգստանալու:
Թե որքան ժամանակով են աշխատակիցները լքում տարածքն առայժմ հայտնի չէ, միայն հայտնի է, որ Ամուլսարի հանքավայրում աշխատանքերը դադարեցված են, ակցիան շարունակվում է:
Ջերմուկ է գնացել նաև ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա հետաքրքրվում է ակտիվիստներից ցույցի մանրամասներից, հասցվող վնասի չափից: