ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Միր 24» հեռուստաալիքի հետ հարցազրույցում խոսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Նրա խոսքով, եթե ընտրություններն այսօր տեղի ունենային, «ապա իր կուսակցությունը կստանար ձայների մեծամասնությունը»։
Սակայն դա չի նշանակում, որ «վեց ամիս անց իր կուսակցությունը չի հաղթի մեծամասնությամբ»: Փաշինյանը տողատակով, գուցե նաև բացահայտ հայտարարեց այն ֆորմատի մասին, որով պատրաստվում է մասնակցել գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին և այդ ֆորմատը բնավ էլ ԵԼՔ դաշինքը չէ, ինչպես ենթադրում էին վերլուծական շրջանակները:
Փաշինյանը «մեր կուսակցություն» ասելով նկատի ունի ՔՊ-ն, քանի որ ԵԼՔ-ը մեկ կուսակցություն դառնալու հեռանկարից անչափ հեռու է՝ այդ դրույթն ամրագրված էր դաշինքի ստեղծման հուշագրում, սակայն ինչ-ինչ պատճառներով կյանքի չէր կոչվում։ Նախկինում էլ Ելք դաշինքում լուրջ հակասություններ եղել են: Բայց հիմա, երբ այդ դաշինքի մի թևը իշխանության է եկել, անհամաձայնությունները սկսել են կրել ոչ միայն պարբերական բնույթ, այլև ի հայտ են գալիս յուրաքանչյուր քայլափոխի, նույնիսկ առաջին հայացքից աննշան թվացող հարցերի շուրջ:
Օրինակ, մինչ օրս անլուծելի է մնում ԱԺ Ելք խմբակցության ղեկավարի հարցը: Էդմոն Մարուքյան-Լենա Նազարյան զույգը ոչ մի կերպ չի կարողանում համաձայնության գալ, թե նրանցից ով ի վերջո կզբաղեցնի այդ պաշտոնը: Առանձնապես մեծ զոհաբերություն չէ Մարուքյանին նվիրել խմբակցության ղեկավարի աթոռը այն դեպքում, երբ հաշված ամիսներ հետո նախատեսվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սակայն, Փաշինյանը չի շտապում անել այդ քայլը, նա կարծես ընդհանրապես լվացել է ձեռքերը ԵԼՔ-ում տեղի ունեցող գործընթացներից, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է՝ ընտրություններում ՔՊ-ն հարցերը կլուծի առանց նախկին գործընկերների:
Բացի այդ, Փաշինյանը լինելով բավական հեռատես քաղաքական գործիչ, չի ցանկանա իր նախաձեռնած և հաղթանակած պայքարի գնով վաստակած քաղաքական կապիտալը կիսել այս կամ այն ուժի հետ: Հատկապես այն ուժերի, որոնք, մեղմ ասած, հոռետեսորեն էին վերաբերվում իր նախաձեռնած պայքարին և դրա վերջնական հաղթանակին:
Շատերի կարծիքով Մանե Թանդիլյանին կառավարության կազմում պահելը ուղերձ էր «Լուսավոր Հայաստանին» և փորձ՝ պահպանել դաշինքային ֆորմատը: Մինչդեռ ավելի հավանական է, որ կառավարության կազմում Թանդիլյանի մնալուն հակված է եղել հենց Մարուքյանի քաղաքական ուժը, քանի որ այդ պարագայում արտահերթին դաշինքով մասնակցելու հավանականությունը, իսկ ավելի ճիշտ կլինի ասել՝ հույսը դեռևս պահպանվում է:
Մարուքյանը իզուր չէ վերջին շրջանում ակտիվորեն խոսում Հայաստանում ֆունկցիոնալ ընդդիմության բացակայության մասին:
Ըստ երևույթին գալիք ընտրություններից հետո, եթե ամեն ինչ ընթանա ԵԼՔ-ի երկու մյուս կուսակցությունների ծրագրերին հակառակ, այդ նիշան զբաղեցնելու են հենց իրենք: Որովհետև, եթե ՔՊ-ն միայնակ է մասնակցում ընտրություններին և ստանում քվեների բավարար պաշար կառավարություն կազմելու համար, այդ դեպքում Էդմոն Մարուքյան- Արամ Սարգսյան տանդեմի համար վերանալու են նաև կոալիցիայի մաս կազմելու հույսերը:
Սակայն միանշանակ է, անգամ եթե Փաշինյանը որոշի լուսանցքում թողնել Հանրապետությանը և «Լուսավոր Հայաստանին», վերջիններս չեն հրաժարվի արդեն քաղաքական բրենդ դարձած ԵԼՔ դաշինքից և ամենայն հավանականությամբ ընտրություններին կգնան հենց այդ ձևաչափով: Իսկ մինչ այդ Մարուքյանը որոշել է ևս մեկ անգամ ատամներ ցույց տալ՝ հայտարարելով, թե չի փոխել կարծիքը և Փաշինյանի առաջին փոխվարչապետ Միրզոյանի զբաղեցրած պաշտոնը համարում է հակասահմանադրական:
Կարծում ենք՝ Փաշինյանի պատասխանը չի ուշանա: