Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տապալված ասուլիսից հետո, վերջինս երեկ Երկիր Մեդիա հեռուստաընկերության եթերում հնարավորություն ստացավ հանրությանը հասցնել այն կարևոր քաղաքական մեսիջները, որոնք պատրաստվում էր անել ամսի 14-ին: Քոչարյանի հարցազրուցի գլխավոր մեխը կարելի է համարել այն քաղաքականություն վերադառնալու մասին արված հայտարարությունը: Իհարկե կարծիքներ, որ երկրորդ նախագահը ի վերջո կվերդառնա՝ հնչում էին դեռևս նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի ղեկավարման տարիներին, սակայն չկար ոչ ակնհայտ նախադրյալ, ոչ էլ Քոչարյանն էր շտապում հաստատել այդ քաղաքական շշուկները:Այսօր նրա վերադարձը արդեն իսկ քաղաքական իրականություն է, որը սկզբունքորեն նոր իրավիճակ է ստեղծում ներքաղաքական դաշտում՝ ստիպելով խաղացողներին վերադասավորվել:
Կդառնա՞ արդյոք Քոչարյանը շարքային ընդիմադիր, ինչպիսի ճակատագիր որ ժամանակին կանխատեսում էր Լևոն Տեր-Պետրոսյանի համար, թե նրան ի վերջո կհաջողվի դառնալ ընդդիմադիր բևեռի առանցքը՝ դեռ վաղ է կանխագուշակել: Մշուշոտ է նաև Քոչարյանի վերադարձի ֆորմատը: Թեև նույն ՀՅԴ-ն արդեն երկրորդ անգամ Քոչարյանին սատարող բացահայտ հայտարարություններ է արել, ըստ երևույթին երկրորդ նախագահը այս հարցում դեռևս չի կողմնորոշվել, կամ չի ցանկանում ժամանակից շուտ բացել խաղաքարտերը: Ինչ վերաբերվում է վերադարձի պատճառներին՝ Քոչարյանը առանձնացրեց տնտեսական քաղաքականությունը, աշխարհաքաղաքական իրավիճակը և Արցախի հարցում ներկա իշխանությունունների անփորձությունը: Քոչարյանը կառավարման տարիները համընկան ԱՄՆ նախագահ Բուշի կառավարման տարիների հետ, որը համաշխարհային տնտեսության համար բավական ստաբիլ ժամանակահատված էր, բնական է, որ դա իր դրական ազդեցությունն էր թողնում նաև Հայաստանի տնտեսության վրա: Խնդիրները մեր տնտեսության մեջ սկսեցին ի հայտ գալ համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում:
Մյուս կողմից ակնհայտ է, որ ներկայիս իշխանությունների կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը դեռևս որոշակի տարակուսանքներ է առաջացնում, մասնավորապես, ներդրողների համար, և մնում է հուսալ, որ կառավարությանը կհաջողվի ի վերջո տնտեսական նոր ռազմավարություն մշակել: Ինչ վերաբերվում է Հայաստանի շուրջ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումներին, ապա այո, դրանք չեն կարող այս կամ այն կերպ չազդել Արցախյան հիմնախնդրի կարգավորման վրա, սակայն թավշյա հեղափոխությունից հետո վերանայվում են նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մի շարք ասպեկտներ և այդ գործընթացը դեռևս շարունակվում է: Հետաևաբար ադեկվատ է թե ոչ Հայաստանի նոր իշխանությունների արձագանքը այդ գործընթացներին՝ դեռ վաղ է գնահատել: Ինչ վերաբերվում է վարչապետ Փաշինյանի այն հայտարարություններին, որ նա նախորդ երեք նախագահների պես չունի Արցախի մանդատը բանակցություններում արցախյան կողմը ներկայացնելու համար, ապա դա իրականում կարելի է գնահատել իբրև մանեվրելու փորձ, որը սակայն հաջողությամբ չպսակվեց՝ Փաշինյանի վերջին հայտարարությունների շեշտադրումից հասկանալի է դառնում, որ նա ի վերջո բանակցելու է Ալիևի հետ, քանի որ այս պահին բանակցությունների միակ այլընտրանքը լայնածավալ պատերազմն է:
Քոչարյանը ապավինում է իր համակարգային կարողություններին և ռեսուրսներին՝ նկատի ունենալով, որ թավշյա հեղափոխությունը, խոշոր հաշվով, դեռևս վերածված չէ համակարգի: Այս պարագայում առճակատումից խուսափելը գրեթե անհնարին է դառնում: Քաղաքական նման խճանկարը բնավ էլ լավ հեռանկար չի խոստանում Հայաստանին։ Իհարկե, հակահեղափոխական ռևանշի հաղթանակի հնարավորությունները այս պահին կարելի է համարել նվազագույն, մյուս կողմից՝ դրա ջախջախումից հետո դարձյալ ունենալու ենք, ըստ էության, միաբևեռ քաղաքական համակարգ, ինչը ռիսկեր է ծնում Հայաստանի դեմոկրատական հեռանկարի համար։