Արդեն տևական ժամանակ է' ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները սկսել են համագործակցել: Լուրեր.com-ը քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանից հետաքրքրվեց' արդյո՞ք ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» համագործակցությանը կարող է խանգարել կուսակցությունների աշխարհաքաղաքական դիրքորոշումները:

 

«Չորսից առնվազն երեքը նույնն են»,-այսպես արձագանքեց Կարեն Քոչարյանը' հավելելով, որ իրեն միշտ հետաքրքրել է' արդյո՞ք իշխանական կոալիցիոն ուժերը նույն աշխարհաքաղաքական հայացքներն ունեն:

 

Ըստ Կարեն Քոչարյանի' Հանրապետականը պահպանողական է, ՕԵԿ-ը' լիբերալ. «Եթե ընդհանրապես Հայաստանում իդեալոգիա մնացել է, ապա գոնե իդեալոգիայով' ՀՀԿ-ն պահպանողական է, իսկ ՕԵԿ-ը' լիբերալ:

 

Նույն կերպ դաշնակները սոցիալիստ են, ԲՀԿ-ն անհասկանալի է' ինչ է, «Ժառանգությունը» լիբերալ է: Այս ամենը քաղաքականության մեջ ոչ մի կապ չունի, եթե կան ընդհանուր շահեր»,-ասաց Քոչարյանը:

 

Վերջինս նշեց, որ որոշակի հարցերի շուրջ հնարավոր է համախմբում, իսկ մեկ այլ հարցի շուրջ կուսակցությունները կարող են լինել միմյանց խիստ ընդդիմադիր. «Դա աշխարհում ընդունված պրակտիկա է»:

 

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ արդյունք ակնկալել չորս ուժերի կողմից կառավարությանն անվստահություն հայտնելուց, Քոչարյանն ասաց. «Անվստահություն հայտնել կարող են փորձել, կստացվի թե չէ' այլ խնդիր է»:

 

Անդրադառնալով այն հարցին, որ վերջերս Գագիկ Ծառուկյանը հանդիպումներ է ունենում ԱԺ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիների հետ, ի՞նչ կտան այդ հանդիպումները, Քոչարյանը նշեց.

 

«Այդ ուժերը Լևոն Տեր-Պետրոսյանի հետաքրքիր «պասով» փորձում են, գոնե այս շրջանում, ժամանակային այս հատվածում ինչ-որ առանցք ստեղծել, և այդ առանցքը դառնա Գագիկ Ծառուկյանը: Հետո ինչ կլինի, չեմ կարող ասել, «Поживём-увидим»»: