ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 31-ին՝ իր ծննդյան օրվա առթիվ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորանքը լուրջ աջակցություն է համարում: «Այս զանգը լուրջ աջակցություն է, բայց ես երբեք չեմ հանրայնացրել նման հարաբերությունների առկայությունը»,–ասել է Քոչարյանը՝ Коммерсанть-ին տված հարցազրույցում: Ռոբերտ Քոչարյանը նաև հայտարարել է, որ կներգրավվի քաղաքական գործընթացներում: «Դա կարող է լինել կուսակցություն, կարող է լինել շարժում, կարող է լինել որոշ կուսակցությունների ակտիվ աջակցության տեսքով, կարող է անձնավորված կամ ոչ անձնավորված լինել… Կարելի է ասել, որ ես դեռ չեմ կողմնորոշվել: Այդ թվում՝ այն բանի մասով, ինչ տեղի է ունենում: Չեմ կարծում, որ Հայաստանում որևէ մեկը գիտի, թե ինչ է տեղի ունենում: Կարծում եմ՝ Փաշինյանը զգացել է բողոքական տրամադրություններ և ժամանակին գործել, ինչն էլ հանգեցրել է իշխանափոխության: Դա տպավորիչ էր»,–ասել է Քոչարյանը:
Այս հարցազրույցը ուշագրավ է այն առումով, որ գուցե առաջին անգամ՝ Քոչարյանը բացահայտ հայտնում է Կրեմլի՝ իրեն ուղղված աջակցության մասին: Ընդ որում՝ ոչ միայն Կրեմլի, այլ հենց Վլադիմիր Պուտինի: Իհարկե, նման հայտարարությունները նպատակ են հետապնդում յուրահատուկ կոնտրաստ ստեղծել Փաշինյան-Պուտին հարաբերությունների ֆոնին, որոնք, չնայած Հայաստանի վարչապետի հավաստիացումներին, բավականին լարված են թվում: Խոսելով Կրեմլի բացարձակ աջակցության մասին՝ Քոչարյանը նաև ֆիքսում է, որ այսուհետ ինքն ավելի ակտիվ է արտահայտվելու, թերևս, հենց այդ աջակցության վրա հենվելով:
Մյուս կարևոր կետն այն է, թե ինչպիսին կլինի Քոչարյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու ֆորմատը: Коммерсанть-ին նրա տված պարզաբանումը լույս չի սփռում այս հարցի վրա, սակայն, ըստ էության, Քոչարյանը ցույց է տալիս, որ պատրաստվում է բավական լայն կոնսոլիդացիայի, և անգամ եթե նա ընտրություններին մասնակցի սեփական քաղաքական թիմով՝ կողքից առաջարկված օգնությունից չի հրաժարվի: Մնում է միայն հասկանալ, թե որ ուժերը կշարունակեն աջակցել Քոչարյանին մինչև ընտրութուններ, քանի որ, ինչպես ինքը՝ Քոչարյանն էր ասել նախորդ հարցազրույցներից մեկում՝ քաղաքական իրավիճակը շատ արագ է փոխվում:
Հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը խոսում է նաև պատերազմի ահագնացող սպառնալիքի մասին, և դա, ըստ էության, կապում նոր իշխանությունների վարած ոչ հաշվենկատ աշխարհաքաղաքական գծի հետ: Մասնավորապես, ՌԴ հետ հարաբերությունների լարումը և դեպի ՆԱՏՕ հայացք ուղղելը, ինչը իրականում այնքան էլ ճիշտ դիտարկում չէ այն առումով, որ Փաշինյանը, ըստ էության, փորձում է հավասարակշռել կամ դիվերսիֆիկացնել Հայաստանի անվտանգության համակարգերը, ինչը, իհարկե, բխում է մեր պետական շահերից: Սակայն դա չի բխում Ռուսաստանի շահերից, և այս պարագայում Քոչարյանը նաև պետք է հստակեցնի, թե ում շահերն է ինքը իրականում ներկայացնում՝ այն մարդու, ով նրան մեկ զանգով քաղաքական ալիբի է տրամադրո՞ւմ, թե՞ սեփական ժողովրդի:
Քոչարյանի հայտարարությունը, որ պատերազմը կարող է ծագել ցանկացած պահի, ավելի շատ Պուտինի մեսիջն է Փաշինյանին: Տողատակն էլ հասկանալի է. հատկապես սահմանային լարվածության ֆոնին ռուսական կողմը ևս մեկ անգամ, այս անգամ արդեն իր հովանավորյալի շուրթերով՝ հասկացնում է Փաշինյանին, որ պատերազմի սպառնալիքն անչափ իրական է, իսկ պատերազմի հավանականությունը, իհարկե, կախված է ոչ Ադրբեջանի սուլթանի հոգեկան զեղումներից և ամբիցիաներից, այլ նաև ուժային կենտրոնների «դաբրոյից»: Հենց դա էր Պուտինը Քոչարյանի շուրթերով հասկացնում Փաշինյանին…
Ստելլա Խաչատրյան