Չինաստանի Ցինդաո քաղաքում կայացած ցուցահանդեսը հնարավորություն է տվել պարզելու չինացիների՝ գինու նախասիրությունները. նրանց քիմքին առավել հաճելի է նռան գինին: Հայկական գինու որոշ տեսակներ, սակայն, միանգամից դուր չեն եկել չինացիներին, ինչը կարող է ինդիկատոր լինել հայաստանյան ընկերությունների համար Չինաստանի շուկա մուտք գործելիս:
«Արմենպրես»-ի հետ զրույցում չինական ցուցահանդեսին մասնակցության մանրամասները ներկայացրեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: Նրա դիտարկմամբ՝ ցանկացած լավ ապրանք, հաջողված արտադրանք ուղղակի, թե անուղղակի նպաստում է երկրի հանդեպ հետաքրքրության բարձրացմանը: «Չորս օր կանգնած ենք եղել տաղավարում ՝մարդկային հոսքն՝ անսպառ, ու ակամա հարց ես տալիս, իսկ մենք պատրաստ ենք բավարարելու այդ պահանջարկը, եթե այն ձևավորվի: Այսօրվա դրությամբ՝ ոչ։ Մենք գինու ծավալի խնդիր ունենք»,-ասաց պաշտոնյան
Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը 2018թ. հունիսի 15-18- մասնակցել է Չինաստանի Ցինդաո քաղաքում տեղի ունեցած ՇՀԿ ներկրման ցուցահանդեսին և ներկայացրել Հայաստանի զբոսաշրջային ուղղությունները, հատկապես գինու տուրիզմը: Հայաստանին անվճար հիմունքներով տրամադրվել էր 32 քմ ցուցադրական տարածք: Ցուցահանդեսին մասնակցել են նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը և «Արենի Փառատոն» հիմնադրամը: Ի թիվս բազմաթիվ այցելուների՝ հայկական տաղավար է այցելել նաև Չինաստանի կոմերցիայի փոխնախարարը:
«Մենք նոր ենք սկսում շոշափել չինական շուկան, իսկ այն իր հեռանկարներով, ծավալներով դժվար է համեմատել որևէ այլ շուկայի հետ։ Հասկացանք մի կարևոր բան, որ թիրախավորել ամբողջ Չինաստանը որպես զբոսաշրջության պոնտենցիալ երկիր մեր տեսակետից, հնարավոր չէ, պետք է աշխատենք կոնկրետ քաղաքների և ուղղությունների վրա։ Ներկայում մենք՝ հիմնադրամում, ուսումնասիրում ենք չինական շուկայի վերաբերյալ արդեն առկա հետազոտությունները, մենք ինքներս նաև մեր ուսումնասիրություններն ենք իրականացնում»,-ասաց Արա Խզմալյանը:
Հիմնադրամի տնօրենի խոսքով՝ մի բան է չինական շուկա մուտք գործելը, որը նաև որոշակի ներդրումներ է պահանջում, կարևոր է նաև հաշվի առնել, թե որքանով է Հայաստանը պատրաստ ընդունել չինական զբոսաշրջային հոսքերը: Խոսքը վերաբերում է ոչ միայն լեզվի իմացությանը՝ զբոսավարներ, ցուցանակներ, հյուրանոցներում չինարեն տեղեկատվական նյութեր, քանի որ չինացիների զգալի մասը չի խոսում ռուսերեն ու անգլերեն, այլև կեցության և այլ ենթակառուցվածքների ապահովմանը: