Այսօր՝ հունիսի 25-ին, Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Լճաշեն, Ճամբարակ և այլ գյուղերի բնակիչները փակել էին Երևան-Սևան մայրուղին։
Տեղացիներն այսպիսով արտահայտում էին իրենց բողոքը կաթի մթերման խոչընդոտնի դեմ․ «Աշտարակ կաթ» գործարանն այսօր գյուղացիներից կաթ չէր ընդունել։
ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում «Աշտարակ կաթ» ընկերության մթերման բաժնի տնօրեն Հայկ Սարգսյանը պատմեց, որ գործարանն այլընտրանք չունի՝ պետք է ավելի քիչ կաթ վերցնի գյուղացիներից, քան նախկինում։
«Մեր ընկերության ներկայացուցիչը հանդիպել է նախարարի հետ, եկել ենք եզրահանգման, որ այսօր ընկերությունը կարող է սպառել մոտ 15 տոննա կաթ, այսօր կվերցնենք 25 տոննան։ Մինչ այս մենք մթերել ենք 45-50 տոննա կաթ։ Շուկայում լճացում կա, մենք ունենք պանիր պահեստավորած, քանի որ գյուղացին տանում, վաճառում է պանիրը 1200 դրամով, մերը չի վաճառվում, մենք հիմա ֆիանանսական խնդիր ունենք։ Ավելի լավ է՝ այսօր գյուղացիների կաթը չընդունենք, քան վերցնենք՝ իրենց փող պարտք մնալով ու վճարել չկարողանալով։ Կաթը, որ բերում են գյուղացիները մի քանի անգամ ավել է նախատաեսվածից։ Վաղվանից կսկսենք մթերել 15 տոննա կաթ․ թեպետ էլի վնաս ենք կրում, բայց սա կոմպրոմիսային միակ տարբերակն է»,- ասաց Հայկ Սարգսյանը։
Գեղարքունիքի մարզպետարանի հասարակայնության հետ կապի բաժնից մեզ տեղեկացրին, որ ակցիայի վայրում եղել է մարզպետ Իշխան Սաղաթելյանը։ Վերջինս հորդորել է բացել մայրուղին՝ խոստանալով, որ կզբաղվի խնդրով և կգտնեն լուծումներ։ Մարզպետի այցից հետո տեղացիները բացել են ճանապարհը, սակայն բանակցությունները շարունակվում են։
Լիլիթ Հակոբյան