Արցախյան 44-օրյա պատերազմից 2 տարի անց, հերոսական պայքարի ելած հայորդիներից շատերը դեռ թշնամու գերության մեջ են կամ անհետ կորած են համարվում։ Բայց առավել մտահոգիչ այն փաստը՝ որ առ այսօր կան նաև անթաղ մարմիններ։
Մեծամորի դիահերձարանում մեկ տարի առաջ 100 մարմին ու մասունք դեռևս պոլիէթիլենային տոպրակների մեջ էին, այդ թիվն այժմ էլ շատ չի պակասել։ Մարմինները հիմնականում նույնականացված են, սակայն ծնողները փորձաքննությանը չեն հավատում։
«Կարծեք, փակուղային դրություն է, մարդիկ, ծնողներն ու հարազատները չեն հավատում փորձաքննությանը, հույս են փայփայում, որ իրենց որդին կգտնվի։ Երևույթը և՛ անլուծելի է, և՛ չափազանց մտահոգիչ»,-ԼՈՒՐԵՐ․ com-ին ասաց իրավապաշտպան Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով, եղել են դեպքեր, երբ նույնականացման գործընթացը եղել է 3-4 անգամ, ինչից հետո միայն հաստատվել է զոհվածի ինքնությունն ու ծնողներն ընդունել են այդ փաստը։
«Բարոյահոգեբանական նուրբ պահ է, ծնողներին դժվար է մեղադրել, բայց որ ելք պիտի գտնվի՝ դա հաստատ է»,-նշեց մեր զրուցակիցը։
Մեր այն դիտարկմանը, թե արդյո՞ք հնարավոր չէ այդ մարմիններն ամփոփել եղբայրական գերեզմանատներում, եթե ծնողները վերջնականապես հրաժարվել են ընդունել դրանք, Անդրեասյանն ասաց․
«Ամեն դեպքում, դեռ նման առաջարկ չեմ լսել, թեև ողջամիտ տարբերակ կարող է լինել։ Պատերազմից 2 տարի անց այդ մարմինների ճակատագիրը մնում է անհայտ, ելք գտնելը չափազանց դժվար է»։
Արա Ալոյան