Կասկադի հարևանությամբ գտնվող Անտառային փողոցի բնակիչները բողոքում են՝ պահանջելով դադարեցնել «Ֆիլիշին» ՍՊԸ -ի կողմից նույն փողոցում իրականացվող շինարարական աշխատանքները: Բնակիչները նշում են, որ շինությունը կառուցվել էՀՀ Քաղաքաշինության նախարարի 14.10.2014թ-ի թիվ 263-Ն հրամանով հաստատված շինարարական նորմերով սահմանված նվազագույն հեռավորությունը չպահպանելով:

«Անզեն աչքով երևում է, որ հեռավորությունը պահված չէ: Քաղաքաշինության կոմիտեն ուղարկել է նորմատիվները. նվազագույնը պետք է 6 մետր լինի հեռավորությունը: Դիմեցի քաղաքապետարան, ասացին՝ օրինական է: Մասնագետներից իմացա, որ հեռավորության խախտում կա»,- ասաց բնակիչներից մեկը:

 

Բացի շինությունների միջև հեռավորության խնդրից, բնակիչները բողոքում են, որ շինությունն իրենց բնականոն կյանքին է խոչընդոտում, մասնավորապես՝ որոշների տներում շինության պատճառով  արև չի ընկնում, որոշների համար էլ գույքի օգատգործմանն է խանգարում: Շուրջ 3 տարի ընթացող շինարարական աշխատանքերի ժամանակ վնասվել են տների տանիքները, իսկ բնակիչներից մեկի մեքենայի վրա աշխատանքերի ընթացքում քար է ընկել՝ վնասելով այն:  Բնակիչները պատրաստվում են խնդիրը լուծել իրավական ճանապարհով և նախքան դա՝ պահանջում են, որ շինարարական աշխատանքները դադարեցվեն:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակիցը կապ հաստատեց «Ֆիլիշին» ՍՊԸ- իրավաբան Վարազդատ Ասատրյանի հետ: Նա նշեց, որ ընկերությունը ստացել է թույլտվություն և որևէ խախտում թույլ չի տվել. «Ամեն ինչ իրականացվում է օրենքի սահմաններում»,-ասաց նա, սակայն չբացառեց շինությունների միջև մինիմալ հեռավորություն չլինելը:

«Քանի որ հին շինություններ են՝ ըստ երևույթին, ինքնակամ առաջ են եկել, հետևաբար, հեռավորություն չպահպանելու խնդիրը այդտեղից կարող է ծագել կամ չծագել»,-ասաց Աստարյանը:

Իրավաբանը նշեց, որ պետք է բանակցություններ լինեն բնակիչների հետ և իրենք պատրաստվում են հարցը դիտարկել միայն իրավական դաշտում:

 

Նշենք, որ ըստ Երևանի քաղաքապետարանի կողմից տրված շինարարական թույլտվության՝ պետք է կառուցվի որպես  բազմաբնակարան բնակելի շենք, սակայն բնակիչների հավաստմամբ՝ կառուցվում է հյուրանոց, որի սեփականատերը ոմն Սուրիկ Հակոբյանի կինն է:

ԼՈւՐԵՐ.com-ը պարզել է, որ Սուրիկ Հակոբյանը հանդիսանում է «Ֆիլիշին» ՍՊԸ -ի հիմնադիրը, ով այս տարի ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Ճարտարապետության և քաղաքաշինության բնագավառում արժանացել է պետական մրցանակի։