Panorama.am-ը գրում է.

 

Այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։ ԱԻ նախարարության հաղորդմամբ, ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։

Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։

Գյումրու քաղաքապետարանից հայտնում են. «Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում: Տեղումների քանակը անհամատեղելի է եղել ջրահեռացման համակարգերի տարողունակության հետ: Առաջացած խնդիրների վերացման ուղղությամբ անմիջապես քայլեր են ձեռնարկվել պատկան բոլոր կառույցների կողմից: Գարեգին Նժդեհի հրապարակում իրականացվող մաքրման աշխատանքներին հետևել են Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը և Գյումրի համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը:
Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայությունն այս պահին էլ ամբողջ կազմով և ունեցած ողջ տեխնիկայով աշխատում է քաղաքի տարբեր հատվածներում՝ Գարեգին Նժդեհի հրապարակ, Մայր Հայաստան, Կայարանամեձ հրապարակ, Տրդատ Ճարտարապետ փողոց և այլն»:

galatv.am-ը գրում է, որ Գյումրիի տնակային թաղամասերի, սեփական բնակֆոնդի բնակիչները սոցցանցի էջերում են տեղադրում լուսանկարներ` Գյումրիում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի թողած հետևանքներից: 

Ֆեյսբուքյան օգտատեր Արմենուհի Վարդանյանը գրում է. «Կատակները Գյումրիում տեղի ունեցածի վերաբերյալ, հեչ տեղին չեն: Երևի չեք լսել, թե ոնց են լացում տնակատերերը, խարխուլ, փլված բնակարանների բնակիչները։
Երկու ժամվա մեջ մարդիկ ապրուստ են կորցրել: Շատ? զվարճալի է???
Պետք է հաշվել մարդկանց կրած վնասը և փոխհատուցման տարբերակներ քննարկել»: