Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բնակիչները, ովքեր չցանկացան ներկայանալ, դիմել են ԼՈՒՐԵՐ․com և պատմել, որ տարիներ շարունակ համբերել են տարածաշրջանում` Եղեգիս գետի վրա, արդեն 7 և ավել տարի կառուցած և գործունեություն ծավալող հիդրոկայանի գործունեությունը․ «Խոսքը «Եղեգ» ՓՀԷԿ-ի մասին է, որի շահագործումը տրված է «Եղեգհէկ» ՍՊԸ-ին։ Այն ապօրինի է կառուցվել և ամեն կերպ խանգարել մեզ, մեր տնտեսությանը, ոռոգմանը՝ ամեն ինչով: Դեռևս 2012 թվականին, երբ այդ հիդրոկայանի ղեկավարությունը սկսեց շինարարական աշխատանքները, մենք դեմ էինք արտահայտվել, դա վկայող կոնկրետ տեսանյութ կա, մամուլն անդրադարձել էր: Այսինքն՝ մենք դեմ էինք, որ կառուցեն, վերցրել են ապօրինի ստորագրություններ են հավաքել, որ իբրև իրավունք ունեին, բայց դա սուտ է: Եվ, իհարկե, այն ժամանակ այդ հիդրոկայանը հնարավոր էր ապօրինի կառուցեին, քանի որ այդ ժամանակ դրա սեփականատերերը կա՛մ միլիարդատերեր էին, կա՛մ՝ նախարարներ: Այո՛, այն ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար էր Սուրեն Կարայանը, որն այդ հիդրոկայանի սեփականատերերից է: Հավանաբար հենց նա էլ օգտագործել էր իր կապերն ու հնարավորությունները՝ առանց մեր շահերը հաշվի առնելու, առանց մեր կարծիքները լսելու, առանց մեր համաձայնությունը ստանալու վերցրել էր և այդ հիդրոկայանը կառուցել: Մենք այլևս չենք կարող տանել այդ հիդրոկայանի առկայությունը: Իրենց պատճառով այսօր շատերը հեռանում են գյուղերից: Այլևս հանդուրժելն անհնար է»,- գրել են նրանք՝ նշելով, որ օր առաջ պետք է դադարեցնել այդ «անօրինականությունը»: 

Թեմայի վերաբերյալ ԼՈՒՐԵՐ․com-ը զրուցեց նաև Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար (Շատին համայնքը կենտրոնն է) Արթուր Ստեփանյանի հետ։ Վերջինս ասաց, որ դեռևս 2 տարի առաջ, երբ իրենք ընտրվել են, խնդիր առաջացել է ՀԷԿ-երի հետ, սակայն այս պահին որևէ բողոք չունեն․ «Եղեգ ՓՀԷԿ-ի տնօրենի հետ էլ եմ ես խոսել, մարդիկ նորմալ ջուր են տրամադրել, այս տարի ջրի հետ կապված խնդիր չի առաջացել։ Եղեգիս ՓՀԷԿ-ն իմ աշխատանքային տարիների ընթացքում չի կառուցվել։ Ստորագրություններն ապօրինի են, թե ոչ՝ դա իմ գործը  չէ, դրա համար կան համապատասխան մարմիններ. թող նրանք էլ զբաղվեն»,- նշեց համայնքապետը։

Նկատենք, որ «Եղեգիս» ՓՀԷԿ-ը կապվում է տարբեր անձանց հետ։ Օրեր առաջ էլ fip.am-ն էր անդրադարձել դրան՝ նշելով, որ «ԵՂԵԳՀԷԿ» ՍՊԸ-ն շահագործում է «Եղեգ» ՀԷԿ-ը և ունի չորս բաժնետեր՝ Հրաչիկ Նապոլեոնի Վարդանյանը՝ 39%, Ռոբերտ Նապոլեոնի Օխանյանը՝ 30%, Սոֆիկ Նապոլեոնի Վարդանյանը՝ 21% և Արմեն Լենիկի Առաքելյանը՝ 9%։ 

Ընկերությունը գրանցված է Հրաչիկ Վարդանյանի բնակության հասցեում՝ Եղեգնաձորում։ Ռոբերտ Օխանյանը շինարարությամբ զբաղվող «Սպիտակ-1» ԲԲԸ-ի տնօրենն է։ Իսկ Վայոց ձորի Շատին գյուղի բնակիչ Արմեն Առաքելյանը 2017-ին եղել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից ԱԺ պատգամավորի թեկնածու։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը հիմնավոր էր համարել այն կասկածները, որ Արփա-Սևան թունելի նորոգումը միտումնավոր ձգձգվում էր, որպեսզի Եղեգիս գետի վրայի ՀԷԿ-երը կարողանան ինչ-որ ժամանակ ևս աշխատել՝ սեփականատերերի համար եկամուտ ապահովելու համար, որի հետևանքով տուժել է Սևանը։ Ըստ նրա՝ Եղեգիս գետում գոյացող ջուրը հավանական է, որ չի կարող բավարարել այդ ՀԷԿ-երի պահանջներին։ 

Սոնա Հարությունյան

 

Տեսանյութը՝ «Հայ բնապահպանական ճակատ»-ի

 

 
SKIP
 
STOPPED