Վայոց Ձորի մարզի Հերհեր համայնքի բնակիչները միջպետական ճանապարհի մոտ բողոքի ակցիա են իրականացրել, քանի որ համայնքից 4 կմ ներքև գտնվող ջրամբարը Հովիկ Աբրահամյանի եղբայր Ջոնիկ Աբրահամյանը վարձակալել է և 4 տարի է՝ չի թույլատրում բնակիչներին մոտենալ ջրամբարին։

ԼՈւՐԵՐ․com-ի հետ զրույցում ակցիայի մասնակիցներից Վահե Գրիգորյանը պատմեց, որ Ջոնիկ Աբրահամյանը շուրջ 7 տարի է՝ վարձակալել է ջրամբարը և միայն առաջին 3 տարին է թույլատրել բնակիչներին օգտվել դրանից։

 

«Ասում են՝ 99 տարով վարձակալության է վերցրել, սակայն դրա մասին վկայող որևէ փաստաթուղթ մենք չենք տեսել։ Հերհերցիներին չի թույլատրվում օգտվել գյուղի ջրամբարից թե՛ որպես հանգստի գոտի, թե՛ սիրողական ձկնորսության նպատակով։ Ջրամբարի աշխատակիցն ասում է՝ արգելված է։ Մենք այս խնդրով բազմիցս դիմել ենք մարզպետին, համայնքապետին, բայց մինչ օրս որևէ արձագանք չենք ստացել»,-ասաց ակցիայի մասնակիցը։

Նա հայտնեց, որ Ջերմուկի քաղաքապետի հորդորով արդեն դադարեցրել են բողոքի ակցիան  և սպասում են, որ վերջինս հանդիպի մարզպետի հետ, որն էլ իր հերթին կփորձի կապ հաստատել ջրամբարի վարձակալ Ջոնիկ Աբրահամյանի հետ։

«Խնդիրը չկարգավորվելու դեպքում մենք դարձյալ սկսելու ենք բողոքի ակցիան»,-հավելեց Գրիգորյանը։

ԼՈւՐԵՐ․com-ը զրուցեց նաև Հերհերի վարչական ղեկավար Անդրանիկ Աբրահամյանի հետ, ով նշեց՝ «Ցանկացած հարցով մեր բնակիչների կողքին ենք»։