Առաջիկա տարիներին Հայաստանը կունենա հանրային ծառայությունների մինչև 100 տոկոս թվայնացում: «ԴիջիԹեք բիզնես ֆորում»-ի շրջանակում՝ լրագրողների հետ զրույցում, «Թվային Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Տիգրան Ճորոխյանը նշեց, որ «Թվային Հայաստան» հիմնադրամն այսօր չափազանց կարևոր օղակ է այդ գործընթացում, քանի որ մեծ առաքելություն ունի իրականացնելու:
«Խոսքը Հայաստանում թվային միջավայրի ստեղծման մասին է, այն միջավայրի, որը թույլ է տալու այսօր Հայաստանում ունենալ պահանջարկից և առկա միտումներից մեկ քայլ առաջ տեխնոլոգիական լուծումներով հագեցած կառավարություն: Արդյունքում՝ կունենանք արդյունավետ, թափանցիկ, հասանելի ծառայություններով գործադիր մարմին: Այսօր, երբ որևէ մեկը ցանկանում է գրանցման հասցեն փոխել, ապա այդ գործընթացը կարող է տևել երկու շաբաթից մինչև 1 ամիս: Առաջիկա տարիներին այս և այլ ծառայությունները կթվայնացնենք, և հնարավորություն կլինի, սմարթֆոնի վրա մեկ կամ երկու կոճակ սեղմելով, ստանալ որակյալ ծառայություն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Տիգրան Ճորոխյանը:
Նրա խոսքով՝ դա հնարավոր կլինի իրականացնել պետական կառավարման համակարգում տվյալների ավտոմատ փոխանակման պլատֆորմի ներդրման և ընդհանուր ստանդարտներով մեկ միասնական պատուհան հարթակի շնորհիվ: Այդ դեպքում հնարավոր կլինի մուտք գործել մեկ հարթակ, որից հետո կայքը կհուշի ինչպես և ինչպիսի ծառայություններից օգտվել:
«Առաջիկա տարիներին ակնկալում ենք ունենալ մինչև 100 տոկոս ծառայությունների թվայնացում: Հանրային ծառայությունների թվայնացումը ներկայում էլ իրականացվում է, սակայն այսօր ունենք խնդիր այդ ամենը մեկ ընդհանուր չափորոշիչի բերելու, ծառայությունների շրջանակը ընդլայնելու խնդիր: Այսօր եղած ծառայությունների քիչ տոկոսն է թվայնացված, այդ տեսանկյունից շատ մեծ աշխատանք ունենք անելու: Դրանից բացի, պետք է այնպես անել, որ այդ ծառայությունները քաղաքացիների համար հարմար լինեն, որովհետև կան թվայնացված տարբերակով ծառայություններ, որոնցից օգտվելու համար, պարզվում է, պետք է գիտությունների թեկնածու լինես»,-նշեց հիմնադրամի տնօրենը:
Տիգրան Ճորոխյանը նշեց, որ պրոցեսը ծախսատար է, հայթայթում են ոչ միայն պետական միջոցներ, այլև աշխատում են միջազգային կազմակերպությունների հետ: Նրա խոսքով, յուրաքանչյուր կառավարություն հանրային ծառայությունների ոլորտում թվայնացումից 2-3 անգամ ծախսերի կրճատում է ունենում: Ծառայությունների թվայնացումը մեծ ազդեցություն է ունենում տնտեսության զարգացման վրա: