Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր ձեռք բերելու համար Հայաստանը բանակցություններ է անցկացնում մի քանի ուղղություններով: Պատվաստանյութի առաջին խմբաքանակը նախատեսվում է ունենալ հունվարի վերջին կամ փետրվարի առաջին կեսին: Այս մասին այսօր ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը նշեց, որ բանակցություններ են վարում այն պատվաստանյութերը ձեռք բերելու ուղղությամբ, որոնք անցել են անհրաժեշտ հետազոտություններն ու փորձարկումները՝ «Սպուտնիկ V»-ն, «Pfizer-BioNTech»-ը, «Մոդերնա» ընկերության պատվաստանյութը, «AstraZeneca»-ն:
«Նախատեսում ենք բնակչության 10 տոկոսի համար ձեռք բերել պատվաստանյութ՝ սկզբում միայն ռիսկի խմբերում պատվաստումներ իրականացնելու համար: Բանակցություններ են անցկացվում պատվաստանյութի ներկրման ժամանակահատվածի շուրջ: Մինչև հունվարի վերջ, փետրվարի առաջին կեսը կլինի պատվաստանյութի առաջին խմբաքանակը և կսկսվի ռիսկի խմբերի պատվաստման գործընթացը: Թե պատվաստանյութի որ տեսակը սկզբում կունենանք պարզ չէ, նշված 4 տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման ուղղությամբ զուգահեռաբար աշխատանքներ են տարվում»,-ասաց Գայանե Սահակյանը: