Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ չեմ կարծում՝ նման իրավասություն ունեմ: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի հնարավորության մասին հարցին:
«Ես այդ հարցի վերաբերյալ չեմ կարող որեւէ կարծիք հայտնել, որովհետեւ չեմ կարծում՝ նման իրավասություն ունեմ: Քաղաքական գնահատական տալու անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում, որովհետեւ կարծում եմ՝ դատախազական համակարգը պետք է լիարժեք իր գործառույթը իրականացնելու հնարավորություն ունենա: Եթե ձեր ասած սկզբունքով առաջնորդվենք, դատախազության յուրաքանչյուր աշխատողի, պետական կառույցի յուրաքանչյուր աշխատողի մասին կարելի է ասել: Մենք վենդետայի տրամաբանությամբ չենք առաջնորդվելու: Մեր խնդիրն է՝ ապահովել հանրային համերաշխությունը, եւ ես հույս ունեմ, որ դատախազությունը կգնա այդ ճանապարհով: Ես քայլեր եմ տեսնում այդ ուղղությամբ եւ հույս ունեմ՝ այդ քայլերը համոզիչ կլինեն թե՛ իրավունքի, թե՛ օրենքի, թե՛ հանրային կարծիքի տեսակետից»,- ասաց նա: