Հայաստանը լուրջ հաջողությունների է հասել ռազմաարդյունաբերական համալիրը զարգացնելու ուղղությամբ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: «Մենք տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրել ենք հայկական արտադրանքով և շարունակում ենք նոր թափով առաջ շարժվել այս ուղղությամբ»:
Ըստ նախարարի՝ իրատեսական է այն գաղափարը, որ ռազմաարդյունաբերական համալիրը պետք է դարձնել երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը: Վիգեն Սարգսյանը համոզված է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կկարողանա նաև ռազմաարդյունաբերական արտահանում իրականացնել, ինչն էլ կնպաստի այդ ճյուղը երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը դարձնելու համար:
Նախարարն անդրադարձավ նաև ՌԴ-ից ստացված 200 միլիոն վարկին՝ նշելով, որ այս տարվա վերջին, ըստ պայմանավորվածությունների, ռազմամթերքի ձեռքբերման գործընթացը կավարտվի:
Վիգեն Սարգսյանից լրագրողները հետաքրքվեցին նաև բանակում սպասվող պաշտոնանկությունների մասին: Նախարարը նշեց. որ ինչպես ցանկացած պաշտոնյա, այնպես էլ պաշտպանական համակարգում աշխատող յուրաքանչյուր ոք՝ ցանկացած պահի կարող է լքել պաշտոնը՝ հրաժարվելով մեկնաբանել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի հնարավոր պաշտոնանկության մասին լուրերը:
Նախարարի խոսքով՝ վերջին օրերին Զինված ուժերում տեղի ունեցած մի շարք նշանակումները ռոտացիոն բնույթի են. «Եղել են մի շարք փոփոխություններ ու առաջիկա օրերին ևս լինելու են։ Սրա պատճառը ռոտացիոն մոտեցումն է: Սա թույլ է տալիս ունենալ ունիվերսալ ուժեր։ Որևէ այլ պատճառ դրանում փնտրել պետք չէ՝ բնական գործնթաց է»,-ասաց նախարարը: