Վերջին շրջանում իրավապահ մարմինների կողմից կատարված բացահայտումները մի շարք հարցեր են առաջացրել մեր կայացած բանկային համակարգին: Ի՞նչ է ստացվում. տարիներ շարունակ իշխանությունները խոսել են բիզնես մթնոլորտի առողջացումից, բանկային համակարգի արդյունավետ աշխատանքից, փողերի լվացման դեմ ավտոմատ պայքարի ներդրման մասին: Իսկ իրական պատկերն անչափ հեռու է իդեալական լինելուց: Երբ բանկային համակարգ միլիոնավոր դոլարներ են մուտքագրում՝ օրենքի պահանջ է, որպեսզի բանկը ճշտի գումարի ծագման աղբյուրը և համապատասխան փաստաթղթեր պահանջի։
Դա փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարին ուղղված՝ մեր երկրի՝ միջազգայնորեն ստանձնած պարտավորությունն է, որը, ինչպես երևում է՝ չի կատարվել: Հիմա ԱԱԾ-ն կամ պիտի Սերժի Վաչոյի կամ Սաշիկ Սարգսյանի տղայի ավանդները ընդունած բանկերին ևս խիստ պատժի, կամ ընդունի, որ այդ փողերը լրիվ օրինական են։ Կենտրոնական բանկը ևս պիտի պատասխան տա տվյալ իրավիճակի հետ կապված։ Սակայն Ջավադյանը, ով ի դեպ՝ առաջին ամիսը չէ ԿԲ նախագահի պաշտոնում և միանշանակ տեղյակ է եղել այս մախինացիոն սխեմայի մասին՝ լռում է: Արթուր Ջավադյանը ԿԲ է եկել Սերժ Սարգսյանի իշխանության գալուն պես, և այս ողջ տարիների ընթացքում աշխատել նրա հովանու ներքո: Դժվար է պատկերացնել, որ Ջավադյանն ի պաշտոնե տեղյակ չի եղել որ քաղաքացիների վերցրած վարկերը, ասենք՝ Սերժի Վաչոյի՝ կասկածելի ծագման միլիարդների հասնող և բանկին ի պահ հանձնված ավանդներից են գոյացել: Բնականաբար, մեր վարկերի դիմաց վճարած տոկոսներն էլ գնացել են վերոնշյալ վաչոների գրպանները, այդպիսով՝ մենք մեր ձեռքով, բանկերի անմիջական մասնակցությամբ և հանցակցությամբ, սնել ենք քրեաօլիգարխիային: Տեսնես ե՞րբ է Շմայսի օրինակով, Ջավադյանի հիշողությունն էլ տեղը գալու…
Ստելլա Խաչատրյան